կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 10:58
Քաղաքական

Ներդրողներն այսօր Հայաստան չեն գալիս անվտանգային խնդիրների պատճառով․ Ստամբուլյան

Այս դահլիճում մենք ինչ էլ քննարկենք՝ առաջնայինը մնում է Հայաստանի անվտանգությունը, և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն իր մեջ կրում է տնտեսական անվտանգության բաղադրիչներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:

Նրա խոսքով՝ նախագծում խնդիր կա, որ հայ տնտեսվարողի շահերը չեն պահպանվելու և ստացվելու է, որ օտարերկրյա ներդրողը կարող է գալ Հայաստան և առանց կառավարության վերահսկողության լիազորության, ավելի հեշտ ստանալ լիցենզավորման պայմաններ, քան հայ տնտեսվարողն՝ իր իսկ երկրում. «Սաբավականին լուրջ խնդիր է լինելու հայրենի բոլոր գործարարների համար, որոնք այս դժվարին պայմաններում շարունակում են աշխատել ՀՀ-ում»,-ասաց նա:

Պատգամավորը հայտնեց, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ներկայացնելիս հիմնավորվել է, որ որոշ ներդրողներ նեղվում են լիցենզավորման պայմաններից, սակայն կառավարության ներկայացուցիչ էկոնոմիկայի փոխնախարարը չի պատասխանել, թե կոնկրետ որ ներդրողն է նեղվել:

«Ի գիտություն ընդունեք՝ ներդրողն այսօր Հայաստան չի գալիս անվտանգային խնդիրներից ելնելով, հարկային ոչ բարենպաստ քաղաքականության և շատ այլ հարցերի պատճառով և միայն լիցենզավորման հարցի պատճառով չէ, որ չի գալիս»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նախագիծը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց, թե օրինագիծը բերելիս արդյո՞ք հաշվարկել են հայ տնտեսվարողների առաջ ծառացող խնդիրները. «Կամ այն երկրներում, որտեղ լիցենզավորում չի պահանջվում ինչ-որ մեկ ոլորտում, արդյոք նայել եք, հայ տնտեսվարողն այդ երկրում կարո՞ղ է առանց լիցենզավորման աշխատել: Օրինակ, տուրոլորտը Հայաստանում լիցենզավորման ենթակա ոլորտ չէ, արդյոք հայկական տուրկազմակերպությունը կարող է գործունեություն ծավալել ձեր նշած երկրներում առանմց լիցենզավորման:

Ես չգիտեմ՝ այս օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար, Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են»,- նկատեց Հռիփսիմե Ստամբուլյանը:

Մինչ այդ էկոնոմիկայի նախարարը, ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, հայտնեց, որ հեշտացվում է 13 տիպի գործունեության համար օտարերկրյա ներդրողների մասնակցությունը: Խոսքը, մասնավորապես, հետեւյալ տեսակների մասին է. մասնավոր պահնորդական գործունեություն, ինկասացիոն ծառայությունների մասնակցությունը, փոստային կապի գործունեությունը, միջուկային նյութերի և ռադիոակտիվ թափոնների ներմուծումն ու արտահանումը, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, մեկ մարդատար տաքսիով ուղևորափոխադրումների իրականացնումը, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները, քաղաքաշինական փաստաթղթերի, ինժեներական բաժինների մշակումը, դրանց փորձաքննությունը, շինարարության իրականացումը, դրանց որակի տեխնիկական հսկողությունը և շենքերի տեխնիկական վիճակի հետազննությունը: