կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 13:19
Հասարակություն

ՀՀ-ում 2015-ին տուբերկուլոզից մահացել է 42 մարդ

ՀՀ-ում 2015-ին տուբերկուլոզից մահացել է 42 մարդ

Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հայտնեց, որ Հայաստանում տուբերկուլոզի դեմ վերջին 15 տարիներին ակտիվ պայքար է գնում, և դրա կանխարգելման համար արդեն երրորդ ծրագիրն է կյանքի կոչվում:

«Այսօր կառավարությունում ներկայացվել է 2016-20թթ. նոր ծրագիրը, որն արդեն ոչ թե տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիր է կոչվում, այլ` տուբերկուլոզի կառավարման, ինչը փաստում է այն մասին, որ մենք հասել են նրան, որ արդեն հիվանդության կառավարման մասին ենք խոսում: Նոր ծրագրում ունենք 9 մոտեցում, որոնց թվում կան նորերը»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում տուբերկուլոզի բուժումն անվճար է, իսկ ֆինանսավորումը հատկացվում է պետբյուջեից` տարեկան 3,5-4 մլն դոլար, և Գլոբալ հիմնադրամի կողմից:

ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանն էլ  նշեց, որ, 2006-2007թթ. սկսած, Հայաստանում նվազում է տուբերկուլոզից մահացությունն ու հիվանդացությունն` առհասարակ:

«2015-ին տուբերկուլոզից մահացել է 42 մարդ, ինչը 3 անգամ ավելի քիչ է, քան 2007-ին: Մանկական հիվանդացության և մահացության դեպքերը նույնպես նվազել են, ավելին` վերջին տարիներին մանկական մահացության դեպք չի արձանագրվել: Ինչ վերաբերում է մարզերին, ապա ամենաշատը Երևանում է արձանագրվում հիվանդացության դեպք` հաշվի առնելով բնակչության թիվը: Երևանին հաջորդում են Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերը»,- ասաց նա:

Ի դեպ, տղամարդկանց շրջանում հիվանդացությունը 3 անգամ ավելի շատ է, քան կանանց շրջանում: