Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ի պատասխան լրագրողի` նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հարցադրմանը, ասաց, որ ծուղակներ չի տեսնում, և առնվազն չորս դրույթ կա, որոնք ակնհայտ են դարձնում, որ ընտրական համակարգը բարելավվելու է:
«Ես կարծում եմ, որ առնվազն չորս հանգամանք կա, որ ցույց է տալիս` նորություններ են լինելու: Առաջինն այն է, որ գնացել ենք մեծամասնական ընտրակարգի վերացմանը, որը շատ կարևոր է, և այն բոլոր խոսակցությունները, իբրև թե սա թաքնված մեծամասնական է, ճիշտ չեն»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հնարավոր է եղել ավելի ժողովրդավարական դարձնել այն հասկացությունը, որը վերաբերում է կայուն մեծամասնության խնդրին: «Կայուն մեծամասնությունը տարբեր ընկալումներ ուներ, տարբեր տեսակ էր մեկնաբանվում, հիմա այն, ինչ տրվում է` որպես այդ հասկացության սահմանում, ընդունելի է, որովհետև երկու հիմնական հատկանիշ է այդտեղ կիրառվում: Երրորդ` մենք ասում ենք`ինչ էլ լինի, ընդդիմությունը պետք է մեկ երրորդի չափով երաշխավորված տեղ ունենա ԱԺ-ում: Սա շատ կարևոր է: Չորրորդն էլ այն է, որ մենք, ընտրակեղծիքների, ընտրախախտումների հետ կապված բոլոր հայտարարությունները նկատի ունենալով, աշխատում ենք հենց դրա վրա: Դրա հետ կապված ամենակարևոր բանը բազմակի քվեարկությունների դեմն առնելն է»,- նշեց ՀՅԴ-ականը` հավելելով, որ սա քննարկման գլխավոր հարցերից մեկը պետք է դառնա:
«Մենք շարունակում ենք պնդել, որ դա անհրաժեշտություն է, թեև այսօրվա տեխնիկան հնարավորություն է տալիս հենց սկզբնական փուլում` ընտրողի գրանցման փուլում, բազմակի քվեարկությունների դեմն առնել, անել այնպես, որ անձը նույնականացվի իր փաստաթղթի հետ: Մենք, դա էլ նկատի ունենալով, ասում ենք, որ քվեարկությունը պետք է մեկ միասնական փաստաթղթով տեղի ունենա: Մենք հիմա ունենք երեքից չորս տեսակի փաստաթղթով քվեարկելու հնարավորություն, պետք է գնալ մեկ փաստաթղթով քվեարկության»,- եզրափակեց Ռուստամյանը: