կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-11 15:18
Հասարակություն

Բուհերի ապաքաղաքականացումը` բարձրագույն կրթության օրենքի միջոցով

Բուհերի ապաքաղաքականացումը` բարձրագույն կրթության օրենքի միջոցով

Պետք է արմատապես բարեփոխել կրթության ինքնավարության համակարգը, իսկ դա կարելի է անել միայն օրենքի միջոցով. այսօր լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ըստ նրա` մենք պետք է ունենանք համապատասխան օրենք, որը բոլոր խնդիրների լուծման ճանապարհը ցույց կտա:

Հարցին, թե ինչպե՞ս է լուծելու իր կողմից բարձրացված խնդիրը՝ ապաքաղաքականացնել բուհերը, այն դեպքում, երբ բուհերի կառավարման խորհրդի նախագահներ են այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարը պատասխանեց, որ բուհերի ապաքաղաքականացման հարցը նույնպես պետք է լուծել միայն բարձրագույն կրթության օրենքի միջոցով:

«Ընդհանրապես, եթե որևէ երկրում գոյություն ունի ազգային համալսարան, խորհրդի նախագահներ են լինում երկրի առաջին դեմքերը, որպեսզի շեշտվի տվյալ հաստատության համազգային դերակատարումը: Այդ իսկ պատճառով էլ ԵՊՀ-ի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Օրինակ` Իտալիայում կա հատուկ սահմանադրական հոդված բուհերի ինքնավարության կարգավորման վերաբերյալ, և նման դրույթի կարիք մենք էլ ունենք»,- ասաց նախարարը:

Հարցին, թե բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչները հիմնականում ՀՀԿ երիտթևից են, հնարավո՞ր է առաջիկայում նրանք փոխարինվեն երիտասարդ դաշնակցականներով, նախարարը պատասխանեց, թե հարցը կրկին կապված է համալսարանական ինքնավարության հետ: «Եթե ուսանողները թույլ են տալիս, որ ստեղծվի մի ուսանողական խորհուրդ, որն իրենց կրթական առօրյայի հետ կապ չունի, ուրեմն իրենք չեն պատկերացնում՝ ինչի համար  են համալսարանում»,- ասաց Մկրտչյանը: