կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 11:57
Իրավական

Անպատժելիությունն է այս սպանությունների շարունակականության պատճառը. զոհված զինծառայողի մայր

Անպատժելիությունն է այս սպանությունների շարունակականության պատճառը. զոհված զինծառայողի մայր

2010-ին ԼՂՀ Ստեփանակերտի զորամասերից մեկի զինծառայող Վալերիկ Մուրադյանին ինքնասպանության դրդելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը նախորդ տարեվերջին կրկին կասեցվել է: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտարարեց զոհված զինծառայողի մայրը՝ Նանա Մուրադյանը, ով տարիներ շարունակ պայքարում է որդու մահվան մեղավորներին բացահայտելու համար:

Նշենք որ 2012-ի փետրվարին՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո, գործի վարույթը վերսկսվել էր: Նանա Մուրադյանի խոսքով՝ գլխավոր դատախազը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ մեղավորներն անպայման պատժվելու են, սակայն մինչ օրս որևէ մեկը պատասխանատվություն չի կրել:

Մոր խոսքով՝ գործի վարույթը կասեցվել է 2015-ի դեկտեմբերի 7-ին՝ մեղադրյալի անհայտ լինելու հիմքով: Տիկին Մուրադյանը նշեց, որ կասեցման մասին իրեն պատշաճ չեն ծանուցել, և որ ինքն այդ մասին տեղեկացել է ԱԺ-ի կողմից ներկայացված տեղեկանքներից: Զոհված զինծառայողի մայրը հայտնեց, որ իրենք բողոքարկել են գործի վարույթը կասեցնելու որոշումը:

Խոսելով գործի նախապատմության մասին՝ Մուրադյանը պատմեց, որ որդին բանակ է զորակոչվել 2009-ին, զորամասում վարորդ է եղել: Ըստ քննչական վարկածի՝ որդին կախվելու միջոցով ինքնասպան է եղել, սակայն, մոր խոսքով, նրա դիակի վրա բազմաթիվ հետքեր են եղել, մասնավորապես` պարանոցի հատվածում, բացի պարանի հետքից, այլ հետք է եղել, որը հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննությամբ: Մոր խոսքով՝ քննության ընթացքում փորձաքննության չեն ենթարկվել որդու կոշիկները՝ պարզելու` արդյո՞ք ոտքերի հետքը համապատասխանում է աթոռի վրա առկա հետքին, որի վրա կանգնելով` իբր որդին ինքնասպան է եղել: 

Մոր պատմելով՝ դեպքից 4 օր առաջ որդին զանգահարել է իրեն և հայտնել, որ վառելիքի գողության է ականատես եղել, լռելու համար իրեն 3000 դրամ գումար են առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է: «Անպատժելիությունն է բերում այս սպանությունների շարունակականությանը, մեղավորին պետք է հրապարակավ պատժել»,- նշեց զոհված զինծառայողի մայրը:

Քննարկման մասնակից` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չբացահայտելու միտում է տեսնում: «Այո\', կան քրեական գործեր, որոնք կարող են չբացահայտվել, օրինակ` փողոցում կատարված սպանությունը, ահաբեկչության տարբեր դրսևորումներ և այլն, բայց պետական հիմնարկում, մասնավորապես` զինված ուժերում խաղաղ պայմաններում տեղի ունեցած սպանությունը չբացահատելը բերում է տարբեր մտահոգությունների»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ մեր իրավապահներն այնքան ոչ պրոֆեսիոնալ չեն, որ չկարողանան բացահայտել փակ տարածքում կատարված սպանությունները: «Երբ հերթական անգամ զինծառայողների հարազատներն իրենց բողոքն են հայտնում, հույս է արթնանում, թե գործերը կվերանայվեն, կբացահայտվեն, բայց գործը կասեցվում է, և մարդիկ հերթական անգամ հուսահատվում են»,- ասաց Իշխանյանը: