կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 17:12
Հասարակություն

Դուխով աշխատել եք, բայց շատ ավելի մեծ դուխ և խոհեմություն է պահանջում սխալները ընդունելը. Սպարտակ Սեյրանյան

Դուխով աշխատել եք, բայց շատ ավելի մեծ դուխ և խոհեմություն է պահանջում սխալները ընդունելը. Սպարտակ Սեյրանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը կառավարության ծրարգրի ժամանակ իր ելույթում ասել է.

«Հարգելի' գործընկերներ, որոնք ներկա են

Իմ քաղաքական կենսագրության ընթացքում ես շատ ծրագրեր եմ տեսել` թե' մի քանի անգամ ծավալով մեծ, թե' մի քանի անգամ ծավալով փոքր, թե' թվերով լեցուն, թե' առանց որևէ թվի, և ունեմ խորին համոզմունք, որ դրանք էական նշանակություն չունեն: Էական նշանակություն ունեն կառավարության հռչակած քաղաքականության արդյունավետությունը և հաշվետվության ժամանակ այն փաստարկները, որոնցով կառավարությունը ներկայացնում է իր կատարած և չկատարածի հաշվեկշիռը: Այս առումով քննարկվող փաստաթուղթն ինձ համար ավելի շատ տեսլական է: Այն տեսլականը, որը կառավարությունը ներկայացնում է առաջիկա ամիսների իր գործունեության հիմնական ուղղությունների և նպատակադրումների համար:

Թերևս ելույթս կլիներ մի փոքր այլ կերպ, եթե պարոն վարչապետը չանդրադառնար այն խնդրին, որ այս ծրագրից բխելու է գործողությունների ծրագրի ժամանակացույց, և այն ամենը, ինչ հիմա ես պատրաստվում եմ ասել,  միտված է, որպեսզի այդ ծրագրի ժամանակացույցը ամբողջականանա, բայց` մի քանի մեթոդաբանական առանձնահատկություններ հաշվի առնելով:

Անշուշտ, գնահատելի են այն դրական նորմատիվները, որ ծրագրի մեջ առաջարկված են, և այն մեթոդաբանությունը, որի վրա հիմնվում է կառավարությունը, ոչ թե քայլեր է անում իր հնարավորությունների եղածի սահմաններում, այլ իր նպատակադրումների սահմաններում: Հետևաբար, դրանք իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները պետք է թվագրվեն այդ ծրագրի ժամանակացույցի մեջ: Ես նկատի չունեմ միայն նյութական ռեսուրսները, այլ պետք է թվեն այն գործիքներն ու  գործիքակազմը, այդ թվում` վարչական և օրենսդրական, որոնցով այդ ծրագրի ժամանակացույցը կյանքի է կոչվելու:

Եվ շատ կարևոր է` հստակ ժամկետներ, միջանկյալ արդյունքների ներկայացում, կառավարության կայացրած որոշումների նկատմամբ ներքին մոնիտորինգի իրականացում, որպեսզի այդ որոշումները չմնան կառավարության կաբինետում կամ նախարարության միջանցքներում: Եվ ամենակարևորը`  պարբերական հաշվետվողականություն:

Ես կցանկանայի անդրադառնալ կրթություն, գիտություն, մշակույթ հարցադրումներին` կոմպլեքսի մեջ: Ավանդաբար մեզ մոտ` Հայաստանի բոլոր կառավարություններում, դրանք դիտարկվել են անջատ-անջատ` առանց հաշվի առնելու այս ոլորտների, եթե կարելի է ասել, արժեհամակարգային մոտեցումը: Սա այն ոլորտներն են, որոնք ունեն երկու` առաջին հայացքից իրար հակասող, բայց խորքի մեջ իրար փոխլրացնող գործառույթներ`պահպանողականություն և հեղափոխականություն: Կրթական, գիտական և մշակութային համակարգերն այն գործիքներն են, որը պահում են ազգի ինքնությունը, բայց, միաժամանակ, այն լուսամուտներն են, որոնցով, առաջին հերթին, պետությունն ու հասարակությունը հնարավորություն ունեն շփվելու բոլոր նորությունների և նորարարությունների հետ: Եվ այս առումով այդ սինթեզը, ճիշտ դինամիկ հավասարակշռություն պահելն է մեր նման երկրների հաջողության գրավականը: Խոսքը վերաբերում է նրան, որ երբ պահպանողականությունն է գերակշռում, դա տանում է կոնսերվացիայի և հետամնացության, անհնար է պահպանել մի բան, որը չի զարգանում: Բայց, երբ կշեռքի նժարը թեքվում է նորարարության կողմը, համակարգը կորցնում է իր դիմագիծը, էությունը և հիմնական գործառույթներից շատ ու շատ ուղիներ: Այս իմաստով այդ «պատուհանը» պետք է շատ զգույշ բացել և երբեք չփակել:

Գիտակրթական քաղաքականության մասին. կարծում եմ` պետք է ծրագրի ժամանակացույցը հստակ առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ գիտակրթական, նաև մշակութային քաղաքականության նպատակը մարդկային կապիտալի որակի բարձրացումն է: Դիպլոմների քանակով, բուհերով և ուսանողների թվով չափել կրթությունը, կամ` մշակութային հաստատություններով ու թանգարաններով` մշակույթը, դա ինքնախաբեություն է: Այս երկու ուղղությունների հիմնական գրավականը կիրթ քաղաքացին է և Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության մարդկային կապիտալի որակի բարձրացումը, որը հնարավորություն կտա ունենալու ժամանակակից պահանջներին բավարարող կադրային բազա` պետական շինարարությունն իրականացնելու համար:

Հասանելիության խնդիրը. ես ուրախ եմ, որ հասանելիությունը շեշտվում է, բայց երբեմն այդ հասանելությունը հասնում է այն աստիճանի, որ դպրոցն ավարտողների 99 տոկոսը հասանելիության պայմաններում դառնում է ուսանող, մարդկանց կեղծ մոտիվացիաներ ենք ներարկում, տալիս ենք դիպլոմ, և միայն այդ թվի պարագայում արդեն իսկ որևէ բուհ ի վիճակի չէ որակյալ մասնագետ պատրաստել: Հետևաբար, երջանկության իմ սուբյեկտիվ բանաձևի մեջ  ես շատ երջանիկ կլինեի, եթե կառավարությունը շատ համարձակ քայլերով գնար ուսանողության այս աննախադեպ թվի կրճատմանը և շեշտը դներ որակյալ կադրեր պատրաստելու` բուհական համակարգերի կարողականության վրա:

Մյուս խնդիրը` կիրառական հայագիտությունը. հայագիտությունն այլևս չպիտի զբաղվի միայն փառավոր անցյալի կամ մշակութային ժառանգությունների ուսումնասիրմամբ: Հայագիտությունը  ժամանակակից աշխարհում կիրառական գիտություն է, որը պետք է պատասխանի հայ քաղաքական մշակութային ամբողջ ժառանգության, ինքնատիպության, հայկական ինքնուրույն քաղաքակրթության, այն որակների բացահայտմանը, որից մենք այսօր ազգերի մրցակցության մեջ և, ինչու չէ, նաև մեր հարևանների հետ քաղաքակրթական մրցակցության մեջ կարողանալու ենք օգտվել: Եվ այս իմաստով հայագիտությունն իր կիրառական շեշտադրումով կարելի է դիտարկել որպես պետության ընդհանուր ռազմավարությանը նպաստող շատ կարևոր դիսցիպլին:

Մյուս խնդիրը` մշակույթի հետ կապված: Ես չեմ ուզում անդրադառնալ շատ ու շատ առումների, հույս ունեմ դրա առիթն ու հնարավորությունը հետո կունենանք: Բայց խնդիրը հետևյալն է` պետությունն ինչպիսի՞ մշակութային քաղաքականության մոդել է իր համար պատկերացնում, և ըստ պետական մասնակցության` ինչպիսի մոդել է դա: Պետությունը որպես ոգևորող է հանդես գալիս, որպես ղեկավարող, որպես ճարտարապետ, թե` որպես ինժեներ` մշակույթի կառավարման առումով:

Եվ ամենակարևորը` ես ուրախ եմ, որ մշակույթի նախարարության նոր մոտեցումների մեջ գերակշռում է այն հանգամանքը, որ մշակույթի նախարարության տեսադաշտն արվեստը չէ միայն: Այսօրվա մեր հաղորդակցությունն էլ է մշակույթ: Եվ այս իմաստով մշակույթի նախարարությունը լիարժեք մշակույթի նախարարություն դառնալու գործառույթ պետք է վերցնի, ոչ թե` արվեստի կամ արվեստների կամ արհեստների նախարարություն դառնալու, և հայկական մշակույթն էլ չներկայացնի միայն գեղջկական երգ ու պարի կամ արհեստների ու տարազի ցուցադրմամբ, այլ հանդես գա որպես 2000-ից ավելի տարվա քաղաքային կենցաղի մշակույթ ունեցող ժողովրդի մշակույթի ցուցադրող: Այս առումով շատ կարևոր է մեկ այլ հանգամանք, որի ծրագրի դրույթի հետ ես համաձայն չեմ, որը մշակույթին հաղորդակցվելը դիտարկում է որպես մշակութային քաղաքականության գերակա սկզբունք: Ինձ թվում է` գերակա սկզբունքը բոլորովին այլ շեշտադրման վրա պետք է արվի` քաղաքացու արարելու, սեփական մշակութային ներուժը իրականացնելու հնարավորության վրա: Ստեղծեք բոլորի համար այն պայմանները, որպեսզի ստեղծագործող մարդը կարողանա արարել: Եվ մշակույթի մեջ գոնե բացառենք մրցակցայինը: Ամբողջ աշխարհում գնում է համագործակցային զարգացման տրամաբանությամբ, և հենց կրթությունը, գիտությունը և մշակույթը հնարավորություններ են տալու մեր հասարակությանը` ներքին սիներգիզմ ձևավորելու իմաստով:

Մյուս խնդիրը, որին, կարծում եմ, կառավարությունը հնարավորություն կունենա անդրադառնալու, մշակութային օջախների պահպանության խնդիրը միայն պետության ուսերի վրա չթողնելն է` համայնքների և շարքային ցանկացած քաղաքացու մասնակցությունը` մշակութային ժառանգության պահպանման և դրա վերարտադրման իմաստով, որովհետև խիստ վտանգավոր է մեր նման հարուստ մշակույթ ունեցող երկրների և ժողովուրդների պարագայում մշակույթի «թանգարանացման» տենդենցը: Մենք մեր մշակույթը չպետք է խցկենք ցուցափեղկերի տակ, պետք է դրան հաղորդակցվի ամբողջ հասարակությունը:

Երկու նախարարություններում կար բոլոր մրցույթները թափանցիկ անցկացնելու մեթոդաբանություն: Դա շատ կարևոր է, որևէ կասկած այնտեղ լինել չի կարող:  Բայց, կարծում եմ, շատ ավելի կարևոր է այդ թափանցիկության արդյունքը: Ինձ համար` որպես քաղաքացու, միևնույն  է` թափանցիկության ինչ միջոցառումների ծրագրով է կյանքի կոչվում մշակութային ոլորտում որևէ անճաշակ նախագիծ: Կամ` երբ հստակ սահմանազատում չի արվում նորության, նորամուծության, նորաձևության և նորարարության միջև: Մենք, չգիտես` ինչու, շեշտը դնում ենք նորի վրա, բայց անտեսում ենք արարելու գործառույթը: Նորարար է այն, ինչ նոր է և արարչական ֆունկցիա ունի, որովհետև շատ նորարարական «մոտեցումներ» նորաքանդական են կամ հնաքանդական են: Կներեք այս բառախաղի համար:

Ես կարծում եմ` ձեր աշխատանքների մեջ դուք հաշվի կառնեք մի կարևոր հանգամանք էլ` դուխով աշխատել եք, մոդայիկ բառով` շատ կարևոր է, բայց կարծում եմ շատ ավելի մեծ դուխ և խոհեմություն է պահանջում  սխալները ընդունելը, դրանք սրբագրելը և բոլորին լսելը` խորհուրդների և առաջարկների իմաստով»: