կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 15:29
Առանց Կատեգորիա

Դեմ ենք` վատին, փոփոխություններին, իշխանությանը, ընդդիմությանը...

Դեմ ենք` վատին, փոփոխություններին, իշխանությանը, ընդդիմությանը...

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կլինի, եթե որոշում կայացվի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Ամբողջ Սյունիքը կցնծա՞ ուրախությունից: Հազիվ թե: Շատ արագ Սյունիքում կհավաքվեն ինչ-ինչ մարդիկ, նախ` գրավոր նամակ-պահանջագիր կներկայացնեն կառավարություն` հանկարծ այդպիսի բան չանեք, մեր սիրելի մարզպետին գործից չհանեք, ապա` չի բացառվում, որ այս մարդկանց խումբը գա Երեւանում բողոքի ակցիա անելու՝ պահանջելով չդիպչել Սուրիկ Խաչատրյանին:

Առաջին հայացքից սա գուցեեւ նորմալ է, այսինքն` նորմալ է, որ մարդիկ գոհ են իրենց մարզպետից եւ չեն ցանկանում, որ նա հեռանա, բայց խնդիրն այն է, որ մարդիկ ՀԻՄԱ գոհ չեն իրենց մարզպետից: Այսինքն` Հայաստանում չկա մի մարզ, որի բնակիչները ՀԻՄԱ գոհ լինեն իրենց մարզպետերից, եթե, իհարկե, այդ մարդիկ մարզապետարանների աշխատողներ չեն կամ մարզպետարաններում աշխատող «պլեմյանիկներ» չունեն: Մյուս բոլոր դեպքերում մարդիկ պահանջում են, որ իշխողները հեռանան: Սա եւս բնական է, քանի որ երբ որեւէ պաշտոնյա չի կարողանում արդյունավետ կառավարել եւ որոշակիորեն մեղմել մարդկանց կենսական ծանր պայմանները, ապա բնական է, որ մարդիկ պահանջելու են, որ նա հեռանա:

Հիմա` կոնկրետ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետերը, ըստ կիսապաշտոնական լուրերի, հեռանում են: Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, որ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետերն ամենավատ աշխատող մարզպետերն էին կամ, առհասարակ, վատ աշխատող մարզպետեր էին, բայց միանշանակ կարելի է պնդել, որ ինչպես Շիրակի, այնպես էլ Արագածոտնի մարզերում մարզային իշխանություններից դժգոհություն եղել է: Թե ովքե՞ր են գալիս նրանց փոխարեն, այլ հարց է, կարեւոր հարց, բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ հիմա էլ մարդիկ պահանջում են, որ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետերը հանկարծ չհեռանան: Երեկ Շիրակի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ էին նման պահանջ ներկայացրել իրենց մարզպետի պահով, այսօր էլ Արագածոտնի մարզի մի խումբ ազատամարտիկների այրիներ զանգահարել են թերթերից մեկի խմբագրություն եւ խնդրել, որ իրենց մարզպետին հանկարծ չկպնեն, քանի որ իրենց մարզպետը միշտ իրենց կողքին է եղել: Այս զանգից հետո էլ, դե պարզ է, լրատվամիջոցներից մեկն էլ շտապել է արձանագրել, որ ահա՝ Դաշնակցությունը գրոհում է Արագածոտնի մարզը, իսկ մարզը դեմ է:

Իհարկե, պետք է, երբեմն էլ անհրաժեշտ է դեմ լինել, բայց ամեն կերպ պետք է խուսափել դեմ լինելը բնավորություն դարձնելուց: Այն, կարծես, մեր ժողովրդի մի մասի մոտ արդեն իսկ դարձել է բնավորություն: Մենք դեմ ենք մարզպետերի այս կամ այն որոշումներին, ապա՝ մարզպետին, իսկ երբ մարզպետին փոխում են, մենք դեմ ենք մարզպետին փոխելու որոշմանը, քանի որ մենք վաղուց արդեն ձեռք ենք բերել «դեմ եմ» բնավորությունը: Վատին դեմ ենք, փոփոխություններին դեմ ենք, իշխանությանը դեմ ենք, ընդդիմությանը դեմ ենք…Իրականությունը սա է, եւ սա վատ է: Ուրեմն պետք է կողմնորոշվել` կա\'մ մենք դեմ ենք, որ մարզպետերը հեռանան, կա\'մ մենք դեմ ենք մարզպետերին, երկուսին դեմ լինել չի կարելի, բնական չէ, հիվանդություն է, այն էլ՝ սուր վարակիչ: Բայց մենք, իհարկե, հասկանում ենք, որ մի խումբ այրիներ, անգամ՝ ազատամարտիկների այրիներ դեռ ամբողջ մարզի բնակչությունը չեն, այսինքն` եթե Արագածոտնի մարզի ազատամարտիկների մի խումբ այրիներ խնդրում են, որ իրենց մարզպետին հանկարծ չհանեն, դա չի նշանակում, որ մարզը դեմ է մարզպետի փոփոխությանը: Այրիները հասարակական խումբ են, ազատամարտիկների այրիները՝ մի առանձին խումբ, ու ամբողջ հասարակությունը չեն: Հետեւաբար, շատ հնարավոր է, որ Արագածոտնի մարզպետն, իրոք, հասարակական այս խմբի կողքին է եղել, ու իրոք, այս մարդիկ չեն ցանկանում, որ մարզպետը հեռանա: Անշուշտ, նման որոշում կայացնելուց առաջ պետք է նաեւ նրանց լսել, լսել, ոչ թե հնազանդվել, հնազանդվել, եթե ազատամարտիկների այրիների պես մարզի բնակիչների մեծամասնությունն է մտածում, ինչը հազիվ թե այդպես լինի:

Իհարկե, չի բացառվում տարբերակը, որ մարզպետն է խնդրել այս կանանց մի խնդրագիր ներկայացնել, թե չեն ցանկանում, որ մարզպետը հեռանա: Պարզ է՝ մարզպետն էլ չի ցանկանում հեռանալ: Ո՞վ կցանկանա հեռանալ: Կանայք էլ, ահա, խնդրում են: Կստացվի՞, հրաշալի է, չի՞ ստացվի, զատո ինքը կհեռանա գլուխը բարձր՝ ցույց տալով, որ մարզը դեմ էր, բայց իրեն հանեցին, իսկ մարզը դեմ էր, քանի որ մարզն իրեն սիրում էր, այն նույն մարզը, որի բնակիչներն իր դեմ բողոքում էին, երբ ինքը մարզպետ էր:

Պարադոքսների ժամանակներ չեն, ոչ էլ պարադոքսների երկիր ենք, պարադոքսալ ժողովուրդ ենք: Սա վատ նորությունն է: Կա նաեւ լավը` նոր ենք այդպիսին դարձել, այսինքն` այդպիսին չենք եղել, այսինքն` փոխվել հնարավոր է, փոխվել` բառի ամենալավ իմաստով:

Հովիկ ԱՖՅԱՆ