կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-13 13:44
Քաղաքական

Ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, նրանք կողմ են այսօրվա իշխանությունների վերարտադրմանը. Արծվիկ Մինասյան

Ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, նրանք կողմ են այսօրվա իշխանությունների վերարտադրմանը. Արծվիկ Մինասյան

Այսօր Երեւանում մեկնարկել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնված` «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով քննարկումը, որին հրավիրված են քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, ԱԺ պատգամավորներ: Քննարկմանը մասնակցում են նաև «ՈՉ»-ի շարժումը ներկայացնող երիտասարդներ:

Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ասելով, որ իրենց հաճելի է տեսնել, որ կա ակտիվություն սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ` ի հեճուկս այն պնդումների, թե այդ հարցով հետաքրքրվողներ չկան: Նշենք, որ քննարկմանը ներկա` «ՈՉ»-ի շարժման ներկայացուցիչները պարբերաբար բարձրացնում էին «Ոչ» գրությամբ պաստառներ: Նրանց էլ դիմեց Արծվիկ Մինասյանը:

«Հուսով եմ, որ պաստառները բարձրացրած մեր երիտասարդները ծանոթ կլինեն սահմանադրական փոփոխություններին, և այդ վստահությունը նրանց մեջ կմնա: Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը քննարկվում էր երկար ժամանակ: Այս փոփոխությունների անհրաժեշտությունը բարձրաձայնվել է քաղաքական բոլոր, կրկնում եմ` բոլոր ուժերի կողմից` անխտիր: Այլ բան է, որ քաղաքական համակարգի փոփոխության հարցում եղել են ուժեր, որ կողմնակից են եղել խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ մյուս մասը` նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգին: «Ոչ»-ի ճամբարում գտնվող քաղաքական ուժերի մեծ մասը իրենց թե\' կուսակցական ծրագրերում, թե\' ընտրական հայտարարություններում առաջարկել է անցում պառլամենտական կառավարման ձևին, համամասնական ընտրական ձևին»,- ասաց Արծվիկ Մինասյանը` եզրակացնելով, որ այդ ամենն էլ նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններ կատարելու քաղաքական պահանջը եղել է:

Պատգամավորն անդրադարձավ նաև այն հարցին, թե ով պետք է նախաձեռներ սահմանադրական փոփոխությունները, որովհետև որոշ քաղաքական  ուժեր քննադատում են, թե ինչու է Սերժ Սարգսյանը նախաձեռնել այդ փոփոխությունները: Նա նշեց, որ գործող Սահմանադրությամբ միայն երկու սուբյեկտ կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները` նախագահը կամ խորհրդարանը: Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը միայն բավական էր, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը հաստատվեր: Այսինքն` երկու սուբյեկտների դեպքում էլ նախաձեռնում է իշխանությունը:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ բովանդակություն պետք է ունենա սահմանադրական փոփոխությունների նախագիծը, Արծվիկ Մինասյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը վերցրել է գործող Սահմանադրության բացասական դրսևորումները և կազմել դրանք վերացնելուն ուղղված իրավական ձևակերպումները:

Ըստ նրա`  նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սահմանադրական կարգի հիմունքներում ընտանիքն ամրագրվում է որպես պետության կենտրոնական հենասյուն: Պետությունը ստանձնում է պարտականություն` Սփյուռքի հետ ապահովել հայրենադարձության քաղաքականություն: Պետությունն ամրագրում է բազմակուսակցական  համակարգ` որպես ժողովրդավարական հիմնական արժեք: Պետության սոցիալական կարգը հիմնվում է սոցիալական տնտեսության վրա:

«Շատերը, այս դահլիճում նստած և այստեղից դուրս, բողոքել են իրենց իրավունքների չպաշտպանված լինելու հանգամանքից: Բայց հարց չեն տալիս` արդյոք միայն իշխանություննե՞րն են մեղավոր, թե՞ նաև, այնուամենայնիվ, հիմնական խաղի կանոններն են թերի: Սահմանադրական փոփոխություններով իրավունքի գերակայման նորմը գործում է անմիջականորեն, այն ավելին է, քան օրենքի գերակայությունը: Օրենքը ստորադասվում է իրավունքի գերակայության սկզբունքին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ սահմանադրական փոփոխություններն ուղղակի կապ ունեն մարդու առօրյա կյանքի հետ: Լայն լիազորություններ են տրվում ընդդիմադիր ուժերին: Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունների նախագծում հիմնարար վերանայումներ են արված:

«Երբ մենք  խոսում ենք դատական իշխանության թերի կողմերի մասին, ոչ ոք հարց չի տալիս` իսկ այսօր դատարաններն ինչո՞ւ են կախված, ինչո՞ւ չի իրականացվում արդարադատություն, սա նորից երկրի նախագահի ցանկությա՞ն հարցն է, և եթե` այո, ապա մի՞թե բոլոր երեք նախագահները մի ցանկություն ունեին` պահել իրենց իշխանությունը: Եվ եթե այդպես է, նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններն այսօր անհրաժեշտություն են: Ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, նրանք կողմ են այսօրվա իշխանությունների վերարտադրմանը, ուրիշ բացատրություն չկա, որովհետև իշխանափոխությունը մարդափոխություն չէ, այլ համակարգի փոփոխություն, որը պետք է բերի մարդկանց փոփոխության»,- ասաց Արծվիկ Մինասյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ՀՅԴ-ն կողմ  է սահմանադրական փոփոխություններին: