|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Ներկայացնում ենք «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Ազգային ժողովի 2026թ. օգոստոսի 25-ի նիստում․
Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում։ Այդպիսի երկիրը ապագա չունի։ Ապագա չունի վրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը։
Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության համար։ Դուք այդպիսի իշխանություն եք՝ ազատությունից, ինքնուրույնությունից զուրկ։
Մարդատյացը չի կարող մարդակենտրոն քաղաքականություն վարել, պետական մտածողություն չունեցողը չի կարող անկախ, ինքնիշխան պետություն կայացնել, ազգային հոգեկերտվածք չունեցողը չի կարող ժողովուրդ առաջնորդել։ Մտքի ու կամքի ազատություն չունեցողը ստրուկ է և ղեկավարի, եւ օտարի։
Սա իբրեւ փիլիսոփայություն։ Հիմա կոնկրետ։
Ամեն բան ճանաչվում է համեմատությամբ։ Լսեք. «Արցախի կարգավիճակը ու անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են։
Արտաքին քաղաքականության հիմնական նպատակը ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ՀՀ միջազգային հեղինակության բարձրացումը։
Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում։
Դեպի Հայաստան և Արցախ ներդրումային ծրագրերի նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ կառավարությունը համոզված է, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները։
Մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ»։
Սրանք մեջբերումներ են իշխանության թավշյա բռնազավթումից հետո՝ 2018 թ. հունիսի 1-ի ձեր կառավարության առաջին ծրագրից։ Հիմա նայեք այսօրվա իրականությունը։ Նայեք ձեր պատկերին։ Ճանաչեք ինքներդ ձեզ։ Ութ ու կես տարի իշխանություն եք։ Ինչից ինչ եք դարձել։ Դուք ինչ Հայաստան եք ընդունել, ինչ եք հռչակել, ինչի եք վերածել։
Առաջին ծրագրում հռչակածները համեմատեք այսօրվա իրականության հետ։ 180 աստիճանով հակառակն եք արել։
Միջանկյալ՝ Նախիջևանի մասին. մի առիթով պատմաբան թղթակից անդամ, ակադեմիկոսներ են վարչապետ Վազգեն Սարգսյանի մոտ։ Խոսք է գնում Նոյի, Արարատ լեռան մասին։ Ներկաներից մեկը՝ բայց, պարոն վարչապետ, վարկած կա, որ Նոյը այս Արարատի վրա չի իջել, այլ՝ ավելի խորքերում մի սար կա, նրա վրա։ Վազգեն Սարգսյանը ձեռքը խփում է սեղանին ու իր ջղային տոնով ասում՝ ուրեմն լսեք, գրեք՝ Նոյը հենց էդ նույն Նոյն է, իջել է հենց էս Արարատի վրա ու առաջինն էլ իջել է Դավալու։ Ուրիշներն իրենց չունեցածն են յուրացնում, դուք՝ մերը կասկածում։ Վազգենը Դավալու է ասում, բայց հայերեն է խոսում, դուք՝ ադրբեջաներեն։ Այս է իրականի ու ֆեյքի տարբերությունը։
Այսօր գրել եք «հավասարակշռված եւ հավասարակշռման»։ Բայց հայերենում մի բառ էլ կա՝ «հաշվեկշիռ։» Ութ ու կես տարվա ձեր հաշվեկշիռը ավերումն է, կորուստները, կեղծիքը, երեսպաշտությունը, շարունակական զիջումները։
Նոր ծրագիր ներկայացնելուց առաջ քաղաքական պատասխանատվություն պիտի կրեք, այլապես, ինչպես արդեն անոնսել ենք, նոր ողբերգություններ եք բերելու։
«Իրական Հայաստանի» ձեր կեղծ գաղափարախոսությանը Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հավանություն չի տվել։ Կեղծիք է։ Ժողովրդի անունից քիչ խոսեք։ Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից։ Դուք իրական հայկական իշխանություն չեք, դուք՝ ֆեյք եք. ոչ հայկական, հակահայկական երանգներով։
Հիմա՝ Տիգրանաշենը, էս-էս գյուղերը ադրբեջանական տարածքներ են։ Քանի կար անկլավների իրավական հիմքերը չէիք գտել, Արցախի ռազմական ղեկավարության, Վեհափառի կողքին էլ էիք կանգնում։
Թե՞ ձեր իրավական հիմքերը Հեյդարի տղա Իլհամն ու Փաշազադեն են։ Իրավական հի՞մք եք ուզում, կար՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ՝ ինքնորոշման ճանաչման իրավունքով։ Իրավական հիմք էր Մինսկի խումբը, որ լուծարեցիք Իլհամի պահանջով։
Հեյդարի տղա Իլհամը երբևէ ասե՞լ է, որ օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքը։ Երբեք չի ասելու։ Այլ բաներ ասել է։
Ասել է՝ կապիտուլյացիա եք ստորագրել, ասել է՝ երկխոսություն չկա, մոնոլոգ է. ինչ ասում եմ, անում են։ Ասել է՝ Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան։ Ասել է՝ տանկերով չենք գալու, այլ՝ անխոչընդոտ, մեքենաներով։ Ասել է՝ Գոյչա, ասել է՝ ատոմակայան չի լինելու, ասել է՝ նոր սահմանադրություն։
Հակադարձեք։ Քանի՞ քառակուսի կիլոմետր է օկուպացրել՝ երկո՞ւ հարյուր, երկու հարյուր քսա՞ն, երկու հարյուր հիսո՞ւն։
Գորիս-Կապան ճանապարհը՝ միանձնյա որոշմամբ, ՊՆ նախարարի ստորագրությամբ, հանձնել եք, քանի՞ հարյուր քառակուսի կիլոմետր է՝ հի՞նգ հարյուր, վե՞ց հարյուր, յո՞թ հարյուր։ Թե՞ սա էլ է մտնում Իշխանասարի, Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի, Նոյեմբերյանի տարածքների մեջ։ Պատասխանեք։
Ու քանի դեռ իրական հաշվետվություն չեք տվել, քաղաքական պատասխանատվության չեք ենթարկվել, ձեր բոլոր ծրագրերը փուչ են ու անիմաստ։ Լեզուն ոսկոր չունի՝ ժամերով խոսեք։ Բայց մի ասացվածք էլ կա՝ վիզ ծռելով նպատակին չեն հասնում։
Դուք կազմաքանդում եք Հայաստանի երրորդ Հանրապետությունը։
Ձեր բերելիք չորրորդ Հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ։ Նոր որակի պետություն չէ, առանց տարածքային ամբողջականության, առանց ատոմակայանի, անինքնություն տարածք է, արտաքին կառավարման ենթակա օբյեկտ։ Դուք ոչ թավշյա, բռնի, հակաժողովրդավարական ներկայություն եք՝ անխուսափելի հատուցման վերջաբանով։
Ինչ-որ կարճ ժամանակ էլ ձեզ իշխանություն համարեք, անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, ՔՊ-ական կաստայով ապրեք-վայելեք ձեր այսօրը։
Մինչեւ քաղաքական ու իրավական պատասխանատվություն։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում։
Հարգելի քաղաքացիներ, Ռոբերտ Քոչարյանը տասը տարի ղեկավարել է այս երկիրը։ Եւ լավ է ղեկավարել։ Նրա հանդեպ այս վերաբերմունքը հակապետական է եւ տմարդություն։