կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-28 18:57
Հասարակություն

Բացվեց տարածաշրջանում տեսակով միակ` «խելացի ուժի» համալսարանը

Բացվեց տարածաշրջանում տեսակով միակ` «խելացի ուժի» համալսարանը

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին մասնակցել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաև ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեցին Համալսարանի նորակառույց մասնաշենքի հնարավորությունները, նորագույն համակարգչային տեխնիկայով հագեցած լսարաններն ու հետազոտական-կրթական նպատակներին ծառայող աշխատասենյակները:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Համալսարանի բացմանը նվիրված հանդիսավոր նիստի սկզբում զեկույցով հանդես եկավ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը՝ հանգամանորեն անդրադառնալով Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիման վրա ստեղծված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման պատմությանը, կրթական այս հաստատության առջև դրված խնդիրներին ու նպատակներին, կազմակերպական կառուցվածքին և զարգացման հեռանկարին:

Համալսարանի ստեղծումը տասնմեկամյա բարդ, բազմափուլ գործընթաց էր: Դրա հաջողության երաշխիքն էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մշտական աջակցությունն ու հովանավորությունը: Մտահղացման համաձայն՝ համալսարանը ստեղծվել է երկու հիմնական փուլերով. գիտական բաղադրիչի՝ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադրում, ապա՝ դրա զարգացման հենքի վրա, կրթական բաղադրիչի ձևավորմամբ և գիտական ու կրթական գործունեությունների կամրջմամբ, միասնական գիտակրթական հաստատության՝ հետազոտական համալսարանի կազմավորում:

Համալսարանի ստեղծման նախագիծը 2004-2015 թթ. ընթացքում մշակվել և փորձաքննվել է ՀՀ և ԱՄՆ­-ի առաջատար գիտա­կրթական ու պետական հաստատություններում, մասնավորապես՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում, նույն ինստիտուտի Տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնում, Պաշտպանական ազգային համալսարանի Ռազմավարական կիրառական ուսուցման կենտրոնում, Միջազգային անվտանգային հարաբերությունների քոլեջում, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան պետության հետազոտությունների դպրոցում, Դիվանագիտության և իրավունքի Ֆլետչերի դպրոցում, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում, ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում:

Տարածաշրջանում նման բնույթի միակ համալսարանի նպատակն է՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտանգային հետազոտությունների կատարումը և դրանց արդյունքում ձևավորված նյութերի դասավանդմամբ՝ նոր սերնդի առաջնորդների պատրաստումը՝ վերապատրաստման դասընթացների, մագիստրոսական կրթության, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջոցով:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Համալսարանը պաշտպանության առանցքի շուրջն է համախմբելու պետության պաշտպանական-անվտանգային միջգերատեսչական մտավոր-փորձագիտական ներուժը: Նա կարևորեց այն հանգամանքը, որ Համալսարանի նախագիծը մշակվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի, Հարվարդի համալսարանի, ինչպես նաև ՌԴ Նախագահին կից Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ազգային անվտանգության ամբիոնի առաջատար փորձի ուսումնասիրման և դրա՝ Հայաստանում ադապտացման արդյունքում: Նախարար Օհանյանը իր շնորհակալությունը հայտնեց Համալսարանի ստեղծման գործում էական ներդրում ունեցած ամերիկացի և ռուս գործընկերներին: Նա վստահություն հայտնեց, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը կարող է Հայաստանի Հանրապետության դաշնակից և գործընկեր պետությունների համար դառնալ ՙխելացի ուժի՚ վրա խարսխված ակադեմիական ձևաչափով անվտանգային-պաշտպանական հիմնախնդիրների շուրջ երկխոսության կարևոր միջազգային հարթակ՝ նպաստելով տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովմանը:

Ողջույնի խոսքերով հանդես եկան Համալսարանի ստեղծման նախագծի ակադեմիական խորհրդատուներ՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Դուայթ Դ. Էյզենհաուերի անվան Ազգային անվտանգության և ռեսուրսների կառավարման դպրոցի պրոֆեսոր Ջեյմս Քիգլը, Հարվարդի համալսարանի Ջոն ֆ. Քենեդիի անվան պետության հետազոտությունների դպրոցի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Թեդ Օլսթրյոմը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը:

Նիստի ավարտին, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման գործում ունեցած ավանդի համար, Նախագահ Սերժ Սարգսյանը Ջեյմս Քիգլին, Թեդ Օլսթրյոմին, Ալեքսանդր Նիկիտինին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժային պարգևատրեց ՀՀ պետական պարգևով՝ Երախտագիտության մեդալով: