կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 17:47
Քաղաքական

Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն Սարսանգից ջուր ստանալու մեջ

Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված չեն Սարսանգից ջուր ստանալու մեջ

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ԵԽԽՎ-ում Մարկովիչի հեղինակած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» հակահայ զեկույցի ընդունման մասին, նշեց, որ այդ, այսպես կոչված, զեկույցը որևէ քաղաքական, իրավական պարտադիր ուժ չունի, ինչն ակնհայտ է բոլորի համար:

Ըստ մեր զրուցակցի` հայկական դիվանագիտությունը պայքարեց, որ երկու խայտառակ զեկույցներից մեկը չընդունվի, և դա հաջողվեց, սակայն մյուս անհեթեթ զեկույցն ընդունվեց, ինչը ոչ թե հայկական դիվանագիտության պարտություն է, այլ, ավելի շուտ, ԵԽԽՎ-ի կողմից ժողովրդավարական արժեքներին հասցված մեծ հարված և ԵԽԽՎ վարկանիշի ոտնահարում:

«Այդ զեկույցի ընդունումը ցույց տվեց, որ ժողովրդավարական մի շարք ատյաններ ունեն իմունային թույլ համակարգ: Եվ Ադրբեջանի կողմից շաբաշների բաշխումը և կոռուպցիոն հոսքերը ներսից քայքայում են այդ կառույցները: Սա է մեր մտահոգությունը, որ ժողովրդավարական ատյաններն արժեզրկվում են, թե չէ` այդ փաստաթուղթը որևէ ազդեցություն չունի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Խոսելով Ադրբեջանում առկա տրամադրությունների մասին` երկրում խիստ քննադատության է ենթարկվել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը՝ Ուոլթերի զեկույցի տապալման համար, Դավիթ Բաբայանը նշեց, որ, իսկապես, Ադրբեջանը շատ մեծ ֆինանսական միջոցներ է ծախսել՝ կաշառելու համար քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, դիվանագետներին: Մինչդեռ հայկական կողմը, ըստ Բաբայանի, առանց ֆինանսական միջոցներ վատնելու, կարողացավ թույլ չտալ զեկույցներից մեկի ընդունումը, ինչը Ադրբեջանն իր պարտությունը համարեց: 

«Եթե նրանք ուզում են շարունակել այս ոճով, խնդրեմ, թող դատարկեն իրենց բյուջեն: Պարզապես մենք պետք է լինենք միասնական գոնե 3 կարևոր հարցում՝ անկախ մեր քաղաքական նախասիրություններից, դրանք են` Արցախի հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և Սևանա լճի հիմնախնդիրը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի հետ կապված` Արցախի իշխանությունների դիրքորոշմանը, նա ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ Արցախի իշխանությունները մի քանի անգամ` 1998-ին, 1999-ին, 2000-ին,  պատրաստակամություն են հայտնել, որ ջրի որոշակի քանակություն տրամադրեն Ադրբեջանին: Դա, ըստ Դավիթ Բաբայանի, չի նշանակում ջրի համատեղ օգտագործում, ուղղակի, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստակամություն ենք հայտնել ջուր տրամադրել այդ երկրին, փոխարենը ստանալ վառելիք կամ ինչ-որ այլ ռեսսուրսներ, սակայն Ադրբեջանը միշտ մերժել է:

 «Այն ծանր վիճակը` էկոլոգիական ու տնտեսական, որը կա  Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում, դրա հիմնական պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են, որովհետև նրանց հետ հանդիպումների ժամանակ, երբ մենք բարձրացնում էինք այդ հարցը, նրանք պարզաբանում էին հետևյալ կերպ, որ շահագրգռված չեն ջուր ստանալ, որովհետև անգամ եթե այդ տարածքները ապահովվեն ջրով, գյուղատնտեսությունից ստացած եկամուտները անհամեմատելի են նավթից ստացած օգուտներից»,- ասաց Դավիթ Բաբայանը: