Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 16-ին Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների մեծ մասը հանելու` ԱՄՆ-ի և ԵՄ-ի որոշումը պատմական նշանակություն ունի ինչպես Իրանի, այնպես էլ նրան հարակից տարածաշրջաննների և երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Թե պատժամիջոցներից ազատագրումն ինչ նոր հնարավորություններ ու հորիզոններ է բացում Հայաստանի համար, խոսվել է բազմիցս: Մինչդեռ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս իրողությունների համատեքստում այդ գործընթացը նաև նոր մարտահրավերներ է առաջացնում, որոնք առաջին հայացքից այնքան էլ տեսանելի չեն:
Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը հավակնում է դառնալ նավթագազային համաշխարհային շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը՝ նեղացնելով այդ շուկայում իրենց հաստատուն տեղն զբաղեցրած մի շարք երկրների՝ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի, Թուրքմենստանի, որոշ չափով նաև Ադրբեջանի և Ղազախստանի զբաղեցրած «տարածքը»: Իրանի առաջին քայլերից մեկը լինելու է նավթի և գազի արևմտյան շուկաներ ներխուժելը և արևմտյան երկրներից ներդրումների ներգրավումը: Պատահական չէ, որ սանկցիաների հանումից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին որոշել է առաջին այցերը կատարել Իտալիա և Ֆրանսիա: Այս «ներխուժումը» բնականաբար տեղի է ունենում ածխաջրածնային ռեսուրսներ արդյունահանող և վաճառող երկրների շահերի հաշվին. նախ նրանք ձեռք են բերում լրջագույն մրցակից, երկրորդ՝ որքան մեծանում է էներգակիրների առաջարկն աշխարհում, այնքան ցածր պահանջարկի պայմաններում նվազում են դրանց համաշխարհային գները՝ երկարաժամկետ հեռանկարում չբարձրանալու սպասումներով: Իրանի առավելությունն այդ երկրներից այն է, որ սանկցիաների ուժի մեջ լինելու ընթացքում կարողացել է նվազեցնել իր տնտեսության կախվածությունը նավթի և գազի վաճառքից, ինչը մեծացրել է նրա իմունիտետը ներկայումս տեղի ունեցող գնային գահավիժման հետևանքների հանդեպ:
Ամեն դեպքում այս հանգամանքը Իրանին, դեռ մեծ խաղի մեջ չմտած՝ դարձնում է պոտենցիալ թիրախ: Սաուդյան Արաբիայի կողմից դա դրսևորվում է հակաիրանական կոալիցիա նախաձեռնելու, հակաշիական վահաբիստական իսլամիզմի խրախուսման և Իրանի հետ ուղղակի առճակատման մեջ մտնելու տեսքով: Թեև Իրանի հետ Ռուսաստանի քաղաքական շահերի համընկնելուն, Մոսկվայում հասկանում են, որ եթե Թեհրանը ներգրավվի Ռուսաստանը շրջանցող էներգետիկ կոմունիկացիոն նախագծերում, ապա իրենք կորցնելու են ոչ միայն իրենց հիմնական շուկայի մեծ մասը, այլև Եվրոպայի վրա ներգործության՝ արդյունավետ աշխատող էներգետիկ մտրակը:
Այս հանգամանքը կարող է ստիպել Մոսկվային՝ վերանայել Թուրքիայի հետ իր լարված հարաբերությունները՝ առաջին հերթին թղթի վրա մնացած «Թուրքական հոսք» նախագիծը վերակենդանացնելու համար: Ռուս-թուրքական տնտեսա-էներգետիկ նոր տանդեմի ստեղծումը Մոսկվայն կարող է դիտարկել որպես իր գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար Թուրքիայի տարածքն օգտագործելու հեռանկարից Իրանին զրկելու միջոց: Ակնհայտ է, որ նման մոտեցման պարագայում Ռուսաստանն ամեն ինչ կանի նաև Հայաստանով դեպի Վրաստան, այնտեղից Սև ծովով դեպի եվրոպա գազային միջանցք ստեղծելու Իրանի և Արևմուտքի պլանները խափանելու համար, որտեղ ամենախոցելին Հայաստանն է: Այսինքն չի բացառվում, որ Իրանի «վերադարձն» ակամա խթանի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքի վերականգնումը, որն սպառնում է Հայաստանի անվտանգությանը:
Այդ վերադարձը Հարավային Կովկասում ազդեցության համար մղվող եռաբևեռ՝ Ռուսաստան-Թուրքիա-Արևմուտք պայքարը վերածում է քառաբևեռի, ինչը Իրանին դարձնում է տարածաշրջանում ուժերի բալանսավորման առանցքային գործոն, որը մեծացնում է Հայաստանի մանևրելու հնարավորությունները: Սակայն սանցիաներից հետո աշխարհի առջև Իրանի բացումը Հայաստանին նաև զրկում է որոշակի «արտոնություններից»:
Խնդին այն է, որ մինչև այսօր արևմտյան ուղղությամբ Իրանն աշխարհի հետ հաղորդակցության, շրջափակումը քիչ թե շատ ճեղքելու միայն մեկ վստահելի «պատուհան» ուներ, և այդ պատուհանը Հայաստանն էր: Այս հանգամանքը Հայաստանն Իրանի համար դարձնում էր անփոխարինելի և բացառիկ նշանակության երկիր: Պատժամիջոցների մեծ մասը հանելուց հետո Հայաստանն Իրանի համար կորցնում է այդ նշանակությունը, որովհետև աշխարհի հետ հաղորդակցվելու Թեհրանի ուղիներն ու ռեսուրսները բազմապատկվում են: Այդ դերի կորուստը և դրա չկանխումը Հայաստանը կարող է վերածել տարածաշրջանային մեկուսացված կղզյակի, որովհետև հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տնտեսաքաղաքական, էներգետիկ և հաղորդակցային խոշոր նախագծերը կարող են ուղղակի բոլոր կողմերից մեզ շրջանցել՝ հաշվի առնելով դրանց ինտեգրվելու հարցում նախորդ տարիներին Երևանի թույլ տված կոպիտ բացթողումները, կորցրած շանսերը, չիրացված հնարավորություններն ու դանդաղկոտությունը և իհարկե, օբյեկտիվ խանգարող գործոնները:
Նման անհեռանկարայնությանը չբախվելու, դեռ ավելին՝ անիվն իր կողմը շրջելու առումով ամեն ինչ սկսում է կախված լինել Հայաստանի նախաձեռնողականությունից և ճկունությունից: Ստանձնելով Իրանի շահերի՝ տարածրջանային համատեքստ տեղափոխողի դերը՝ Հայաստանը պետք է փորձի թույլ չտալ ռուս-թուրքական նոր մերձեցում առնվազն Հարավայի Կովկասում: Դրա համար անհրաժեշտ է գտնել Իրան-Ռուսաստան քաղաքական հշահերը տարածաշրջանում համադրելու բանալին, և հենվել Թուրաքիայի և Իրանի միջև առկա խորը քաղաքական և քաղաքակրթական հակասությունների վրա: Բացի դրանից, Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ միակ երկիրը, որը սահմանակցում է Իրանին: Չնայած ԵՏՄ-ից Հայաստանը գրեթե ոչինչ չի շահում, այդ բացառիկ կարգավիճակով կարող է իր վրա վերցնել Իրանի և և ԵՏՄ-ի միջև կապող հանգույց դառնալու գործառույթը: Հարցն այն է՝ որքանով է Հայաստանը պատկերացնում՝ ինչ անել ստեղծված նոր իրավիճակում: Երևանն իր տրամադրության տակ առնվազն 6 ամիս ժամանակ ուներ՝ նախապատրաստվելու դեռ հունիսից ալևս կանխատեսելի Իրանի նկատմամբ սանկցիաների վերացման հեռանկարին: Ինչպե՞ս է այդ վեց ամիսներն օգտագործել Երևանը: Ի՞նչ գործողությունների փաթեթ կամ ռազմավարություն է մշակել, դեռևս տեսանելի չէ: Բայց այս հարցերի պատասխանին երկար սպասել պետք չի լինի. ամեն ինչ կերևա առաջիկ երկու երեք ամիսներին Հայաստանի ակտիվությունից և տարածաշրջանային զարգացումներից:
Գևորգ Դարբինյան