կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-14 12:36
Հասարակություն

Բոտուլիզմից տուժածներից մեկի վիճակը ծանր է

Բոտուլիզմից տուժածներից մեկի վիճակը ծանր է

ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ տնային պայմաններում առաջացած սննդային թունավորման դեպքերին:

«2016 թվականին գրանցվել է թունավորման վեց դեպք` մեկ տուժածով: Դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզում հունվարի 3-ին: Թունավորվածները օգտագործել են տնային պայմաններում պատրաստված շուշանի թթու: Ինը մարդ է կերել, բայց թունավորում գրանցվել է վեց հոգու մոտ: Բանն այն է, որ պահածոյացված սնունդն իր համն ու հոտը չի կորցնում, և մարդիկ ուտելիս չեն էլ կասկածում, որ պահածոն արդեն թունավոր է»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով` պետք է խուսափել պահածոյացված կարմիր պղպեղ, սմբուկի խավիար, լոլիկի, վարունգի մարինադ, կանաչիների պահածոներ ուտելուց: «Սպորները հողի միջից անցնում են սննդամթերքի վրա, որն անօդ պայմաններում թույնի է վերածվում: Նկատի ունեցեք, որ պահածոյի պարունակությունը պետք է եռացնել 20-25 րոպե»,- ասաց մասնագետը:

Նա նշեց նաև, որ բոտուլիզմն ուղեկցվում է մի քանի երևույթներով, թունավորման առկայությունը կարող է ի հայտ գալ ուտելուց 3 ժամից մինչև 13 օր հետո:

«Կարող է լինել գլխապտույտ, ձայնի խանգարում, կոպերի իջեցում, սրտխառնոց: Այսպիսի երևույթների առկայության դեպքում անպայման պետք է դիմել բժիշկի»,- ընդգծեց Բաբայանը` հավելելով, որ, այս պահի դրությամբ, հիվանդանոցից դուրս է գրվել 4 հոգի, 2-ը հիվանդանոցում են, որոնցից մեկի վիճակը ծանր է: