Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում վերջին տարիներին շատացել է կեղծ թանկարժեք զարդերի գրավադրումը: Բանն այն է, որ հայաստանյան գրավատները չունեն տեխնիկական այնպիսի միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել մետաղի կազմությունը: Հիմնականում թանկարժեք մետաղների հարգն ու կշիռը հենց տեղում անզեն աչքով ստուգում են ոսկերիչ-փորձագետները՝ հատուկ քարի վրա շփման եղանակով: Այս եղանակով, սակայն, հնարավոր է պարզել միայն մետաղի արտաքին շերտի կազմությունը: Խարդախության սխեմաներից քաջատեղյակները գիտեն, որ հաճախ ոսկյա ձուլակտորների արտաքին շերտը պատում են ոսկով, որպեսզի շփելուց հետո վրայի շերտը չանհետանա:
Մեր օրերում տարածում է գտել նաև տարբեր մետաղադրամների կեղծումը: Իսկ ի՞նչ եղանակով է Հայաստանում հնարավոր պարզել մետաղների կամ մետաղադրամների ամբողջական կազմությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Ղարաջյանը պատմեց, որ իրենց բաժինը մետաղների և համաձուլվածքների բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել:
«Մարդիկ, կեղծված ոսկյա կամ այլ թանկարժեք մետաղներ գրավադնելով, մեծ քանակությամբ գումարներ են ստանում, ինչը բացահայտելուց հետո նշանակվում է փորձաքննություն: Նույնը մետաղադրամների դեպքում. չիմացող մարդն արտաքինից այն չի տարբերում, սակայն մենք ունենք հատուկ սարք՝ անալիզատոր, որը հաշված վայրկյանների ընթացքում մեծ ճշգրտությամբ ցուցադրում է, թե որ համաձուլվածքի մեջ քանի տոկոսն ինչ մետաղ է»,- ասաց նա:
Մասնագետի խոսքով՝ իրենք գիտեն նաև, թե ինչպիսին պետք է լինի մետաղադրամների բնօրինակի բաղադրությունը, այդ ինֆորմացիան գաղտնի է: Ըստ նրա՝ ներկայումս մեր երկրում ամենից շատ տարածված է 500 դրամանոցների կեղծումը: «500 դրամանոցի կեղծումն ավելի բարդ է, քան մյուս մետաղադրամներինը, քանի որ սրա միջուկն ուրիշ համաձուլվածք է, իսկ շրջանակը՝ այլ»,- ասաց նա:
Ղարաջյանը հայտնեց, որ վերջերս նոր, ավելի կատարելագործված սարքավորում են ձեռք բերել, որոնց միջոցով հնարավոր է ստուգել ոչ միայն մետաղների և համաձուլվածնքների, այլև հանքանյութերի բաղադրությունը: «Այս սարքով հնարավոր է հետազոտության ենթարկել պոչամբարներում հայտնաբերված ՝ մարդու առողջության համար վտանգավոր ծանր մետաղները: Հատուկ անալիզատորի օգնությամբ հնարավոր է հետազոտել նաև խաղալիքներ: Հայաստանում շատ են չինական արտադրության խաղալիքներ, որոնց բաղադրության մեջ կան այնպիսի մետաղներ, որոնք վնասակար են երեխաների համար և արգելված եվրոպական երկրներում»,- նշեց նա: