|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` օգոստոսի 17-ին իրեն ուղղված նամակին, որում վստահեցրել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիան վերադարձնի երկրի քրիստոնեական համայնքներից բռնագրաված եկեղեցիները եւ կալվածքները:
«Մենք ուշադիր հետևելու ենք Թուրքիայի կառավարության` օգոստոսի 27-ի այն որոշման իրականացմանը, որը նախատեսում է 162 ոչ մահմեդական կրոնական համայնքների հիմնադրամներին վերադարձնել բռնագրավված անշարժ գույքը»,- նշել է նա:
Հայ Դատի հանձնախումբը ողջունել է պետքարտուղարի առաջին հրապարակային ելույթն այդ կապակցությամբ:
Հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը նամակում նաեւ անդրադարձել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրենսիսի Ռիկարդոնեի նշանակմանը եւ հայտնել այդ կապակցությամբ ԱՄՆ հայ համայնքը մտահոգությունը: Հիշեցնենք, որ Ռիկարդոնեն Սենատում լսումների ժամանակ հայտարարել էր, թե «մինչև 1915թ. Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել որպես եկեղեցի»:
«Փորձից ելնելով`Ամերիկայի հայ համայնքը մտահոգվում է, քանի որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանները երբեւէ չեն խոչընդոտել թուրքերի կողմից հայերի ճնշումներին: Մեզ ամենից շատ վշտացնում է այն, որ Թուրքիան հերքողական քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության հարցում»,- ասված էր Խաչիկյանի նամակում:
Հիլարի Քլինթոնը նամակում գրել է, որ նա մեծ վստահություն ունի Ռիկարդոնեի նկատմամբ. «Վստահ եմ, որ նա լավագույն թեկնածուն է Թուրքիայում ԱՄՆ առաքելությունը շարունակելու համար»: Նա վստահեցրել է, որ ինքը շատ մտահոգ է հայերի հարցերով, Ռիկարդոնեն` նույնպես: