կարևոր
4648 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-19 14:08
Քաղաքական

Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին

Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին

Կոնստանտին Զատուլինի նամակը «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանին։

Հարգելի Վազգեն Միքայելովիչ,

Չեմ կարող չպատասխանել Ձեր նամակին : 

Տարբերություն չկա՝ բաց է այն, թե ոչ, ամեն դեպքում Ձեր նամակը վերաբերում է ամենաթանկին՝ ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունների հետ կապված իմ հավատին:

Այդ երկու քրիստոնյա ժողովուրդները շատ տառապանքներ են կրել իրենց պատմության ընթացքում: Եվ Քրիստոսի պես շարունակում են տառապել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք եղել և՛ ուրախության, և՛ վշտի պահերին: Բայց այժմ թե՛ մեզ մոտ, թե՛ ձեզ մոտ կշիռ են ձեռք բերում մարդիկ, որոնց համար դա կարևոր չէ:
Դուք կշտամբում եք Ռուսաստանին այն հարցում, որ նրա պահվածքը, սկսած 2020 թվականից, «չի համապատասխանում «դաշնակից» հասկացությանը», համարում եք, որ Ղարաբաղից մեր զինված ուժերի դուրսբերումը «վերջին կետն է դնում i-ի վրա»: Դա օտար տառ է, մեր այբուբեններում դա չկա: Դուք, իհարկե, գիտեք, որ ես և ինձ նման համախոհները Ռուսաստանում  առնվազն չենք ցանկացել նման վերջաբան մեր խաղաղապահ գործողությանը Ղարաբաղում: Բայց նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թվականից և հատկապես 2022-2023 թվականներին, կանխորոշված էր: 
Սա դառը ճշմարտություն է: Եվ ես չեմ ցանկանում համառոտ նամակում թվարկել պատճառներն ու առիթները՝ կրկնելով Ձեզ և հավելելով իմը: Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում: Ես էլ կարող էի այսօրվա Ռուսաստանին Ձեր հանդիմանությանը հակադարձել՝ հանդիմանելով այսօրվա Հայաստանին, բայց չեմ ուզում։

Ես ուզում եմ փրկել այն, ինչ մնացել է մեր ժողովուրդների հարաբերություններում, որպեսզի դրանք զոհ չդառնան պետությունների ու կառավարությունների քաղաքականությանը:

Ես չէ, որ պիտի ասեմ Ձեզ, թե ինչեր են լինում քաղաքականության մեջ: Բայց մի շտապեք թաղել հույսը, կասկածի տակ մի դրեք իմ և Ձեր հավատը. դա է Հայաստանի և Ռուսաստանի ապագայի գրավականը:
Ակնկալում եմ, ինչպես միշտ, Ձեր ըմբռնումը:

Հարգանքով՝
Կոնստանտին Զատուլին
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, որ երբեք վարչապետ և պաշտպանության նախարար չի եղել։

Վազգեն Մանուկյանի նամակը կարող եք կարդալ՝ այստեղ։