Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հանձնման հարցը գտնվում է ՌԴ իրավասու մարմինների քննարկման տիրույթում: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Հանձնման գործընթացը բավականին երկարատև գործընթաց է, այն ենթադրում է բազմաթիվ ներպետական գործընթացներ, ՀՀ-ից օտարերկրյա քաղաքացիներին տեղափոխումը նույնպես երկար է տևում»,-ասաց նա ՝ կարծիք հայտնելով, որ հաջորդ տարի այս հարցում առաջընթաց կլինի:
Նշենք, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացվել է 61 դիմում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցման 11 դիմում, մերժվել` 30 դիմում, իսկ 20 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն փաստացի իրականացվել է 5 դատապարտյալի փոխանցում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է Բելգիայի Թագավորությունում և Էստոնիայի Հանրապետությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացի հանդիսացող մեկական դատապարտյալների դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն փոխանցման խնդրանքով:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատիժը կրող ազգությամբ հայ երկու դատապարտյալներ ներկայացրել են ՀՀ փոխանցման դիմումներ, որոնք մերժվել են: ԱՄՆ իրավասու մարմնի կողմից մերժվել է Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացիների դիմումներ` պատժի մնացած մասը կրելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն փոխանցման վերաբերյալ: Քննարկման փուլում է գտնվում ՀՀ քաղաքացու մեկ դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն փոխանցվելու խնդրանքով: Բելառուսի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցման խնդրանքով դիմել են ՀՀ երեք քաղաքացիներ: Վերջիններիս դիմումները գտնվում են քննության փուլում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող Տաջիկստանի Հանրապետության մեկ քաղաքացու դիմում` պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցման վերաբերյալ: Ներկայումս քննարկման փուլում է գտնվում Լեհաստանի Հանրապետությունում պատիժը կրող մեկ ՀՀ քաղաքացու դիմում: ՀՀ արդարադատության նախարարի կողմից մերժվել է Ղազախստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող երկու քաղաքացիների դիմումներ` պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն փոխանցման խնդրանքով: ՀՀ արդարադատության նախարարի կողմից բավարարվել է 14 դատապարտյալի դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցման խնդրանքով, մերժվել` մեկ դիմում: