Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի «էքստրադիցիայի» վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ «էքստրադիցիայի» կամ արտահանձնման և դատապարտյալների փոխանցմանն առնչվող գործընթացների տարբերությունները, ինչպես նաև պարզաբանել մի շարք իրավական դրույթներ, որոնք կարգավորում են միջազգային հարաբերությունները հիշյալ բնագավառում:
«Հանձնման մասին» («Էքստրադիցիայի մասին») եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Փարիզում` 1957 թվականի դեկտեմբերի 13-ին: Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 25-ից: Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ Պայմանավորվող կողմերը (Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները) պարտավորվում են միմյանց հանձնել հիշյալ Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով: Այս պարագայում «հայցող կողմ» է հանդիսանում այն պետությունը, որի տարածքում հանցագործություն է կատարվել, այդ առնչությամբ տվյալ պետության իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել և տվյալ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչը ենթադրում է, որ հանցագործություն կատարած անձը փախուստի է դիմել այն երկրի տարածքից, որտեղ հանցագործություն է կատարել:
«Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն տվյալ պետությունը կարող է պահանջել տվյալ անձի հանձնումը (էքստրադիցիան) այն պետության իրավասու մարմիններից, որի տարածքում հայտնաբերվել է հիշյալ անձը: Այդուհանդերձ, հանձնումը պետք է կատարվի այնպիuի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող և հայցվող կողմերի (այսինքն՝ և՛ այն պետության, որի իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել, և՛ այն պետության, որի տարածքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը) oրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիuտ պատժով:
«Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Ստրասբուրգում 1983 թվականի մարտի 21-ին: Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 1-ից: «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի համաձայն մի պետության տարածքում դատապարտված անձը, հիշյալ Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան, կարող է փոխանցվել մեկ այլ պետության` պատիժը կրելու համար: Այդ կապակցությամբ նա կարող է սույն Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան փոխանցումը իրականացնելու մասին իր ցանկությունը հայտնել Դատապարտող կամ Կատարող պետությանը:
Ըստ որում՝ դատապարտյալի փոխանցման վերաբերյալ խնդրանքը կարող է ներկայացվել ինչպես Դատապարտող, այնպես էլ Կատարող պետության կողմից: Հիշյալ Կոնվենցիայի համաձայն դատապարտյալը կարող է փոխանցվել մի շարք պայմանների առկայության դեպքում, որոնցից մասնավորապես, հարկ է նշել տվյալ անձի Կատարող պետության քաղաքացի հանդիսանալու և դատավճռի վերջնական, այն է՝ ուժի մեջ մտած լինելու փաստերը: Հարկ ենք համարում նշել նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ, բացի վերը նշված եվրոպական կոնվենցիաներից, գործում են վերը նշված հարաբերությունները կարգավորող ևս երկու միջազգային պայմանագրեր: «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22 հունվարի 1993 թվականին Մինսկում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան, որով սահմանված են հանցագործություն կատարած անձանց հանձնման գործառույթները կարգավորող հոդվածներ և «Հետագա պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց փոխանցման մասին» 1998թ. մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան: Վերը նշված երկու կոնվենցիաներն էլ՝ դրանց կիրառման շրջանակների իմաստով, պարունակում են եվրոպական կոնվենցիաներին համահունչ դրույթներ:
Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիան» հնարավոր չէ, նշված միջազգային պայմանագրերի՝ վերջինիս նկատմամբ կիրառելի չլինելու պատճառով: Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին վերը նշված կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանարպետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,- ասվում է նախարարության պարզաբանող հաղորդագրության մեջ: