կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 15:55
Առանց Կատեգորիա

Իսկ սահմանին կանգնած են Աղասիները, Ռուբենները եւ Գոռերը

Իսկ սահմանին կանգնած են Աղասիները, Ռուբենները եւ Գոռերը

Սահմանին էլի զոհեր ունենք, երեքն են՝ Աղասի Արսենի Գրիգորյան /ծնված 1996-ին/, Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյան /ծնված 1996-ին/ եւ Գոռ Վահանի Օհանյան /ծնված 1992-ին/: Եվ անկեղծ ասած` ես չգիտեմ, թե այս նախադասության մեջ ո՞րն է ամենակարեւոր մասը` «սահմանին զոհեր ունե՞նք»-ը, «երե՞ք»-ը, թե՞ «էլի»-ին: Իմ կարծիքով` «էլի»-ն, որովհետեւ նրանց փոխարեն կարող էին լինել այլ անուն-ազգանունով երիտասարդ տղաներ:

Կարեւորը «էլի»-ին է, քանի որ դա նշանակում է, որ սահմանին կարող են զոհվել էլի Աղասիներ, Ռուբեններ եւ Գոռեր: Չէ, հասկանալի է, թշնամին կրակում է, անհասկացող է, սանձարձակ է, տգետ է, չոբան է, … զարթուն է եւ նենգ: Բայց այդ ո՞ր ժողովրդի ո՞ր թշնամին չի կրակում, հասկացող է, սանձարձակ չէ, տգետ եւ չոբան չէ, եւ քնած է ու ազնիվ: Թշնամին թշնամի է կոչվում հենց որովհետեւ այդպիսին է, ու հենց այդպիսին չեղավ, էլ թշնամի չի կոչվի:

Բայց, եղբա\'յր, ո՞ր փայլուն ուղեղում է ծագել միտքը` ապացույցներ ուզել, որ «մերոնք թուրքին պատժում են», իսկ ո՞ր փայլուն ուղեղն է այդ ապացույցները սկսել ներկայացնել` հատուկ խմբերում չէ, առանձին հետաքրքրվածների համար փակ դիտումներ կազմակերպելով չէ, այլ բաց, հրապարակային` «Ֆեյսբուք»-ում, որտեղ ով ասես չկա եւ ինչ ասես չկա:

Դուք, օրինակ, ուրախացա՞ք, երբ սեփական աչքերով տեսաք, թե ինչպես են մեր արծիվները թշնամու ռազմական ավան ոչնչացնում, դա ձեզ համար նո՞ւյն էր, ինչ, օրինակ «Գեւորգ Մարզեպտունի» վեպը կարդայիք, նույն ոգեւորությունը ստացա՞ք: Այս ի՞նչ ռազմաճակատային լրահոս է, եղբա\'յր, 1944 թի՞վն է, դուք էլ Լևիտա՞նն եք:

Ավա՞ն եք ոչնչացրել, ձեր կենացը, բայց հո Բաքուն չե՞ք գրավել, որ ցույց եք տալիս: Այ, երբ կգրավեք, ցույց կտաք, քանի որ, երբ Բաքուն գրավված լինի, էլ վտանգ չի լինի:

Գուցե ձեր փորձագիտական պրակտիկայում նման վտանգներ չեք տեսնում, ձեր վերլուծական ունակությունները դրանք տեսնել թույլ չի տալիս, չեք հասկանում, որ երբ թշնամուն պատժելու ապացույցներ եք պահանջում, եւ երբ այդ ապացույցները ներկայացնում եք, լրահոսը դարձնում եք ռազմաճակատային, ժողովրդին` ահաբեկված, դրությունը` ռազմական, սահմանին կանգնած տղերքին էլ` կենդանի թիրախ, եւ դուք իրականում ագռավության պես մի բան եք անում: Իսկ սահմանին կանգնած են Աղասիները, Ռուբենները եւ Գոռերը, եւ նրանք որեւէ մեկիս որեւէ բան չունեն ապացուցելու, քանի որ արդեն ապացուցել են:

Հովիկ Աֆյան