կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-12-17 20:57
Առանց Կատեգորիա

«Ուզբագոյզա», Լեւոն

«Ուզբագոյզա», Լեւոն

 Լեւոն Զուրաբյանն այսօր տվել է բարոյական հաղթանակի սահմանումը: «Առավոտ»-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ բարոյական հաղթանակը այն է, երբ դու պարտվում ես, բայց համարում ես քո պարտքը քո խղճի առջեւ կատարած: Այս առումով, հետաքրքիր է, թե ինչ է պարտությունը, կամ արդյոք բոլոր պարտություններն ուրեմն բարոյական հաղթանակներ չե՞ն, բայց սա կարեւոր չէ:

Խոսելով անցած հարաքվեի մասին, ավելի կոնկրետ այդ հանրաքվեում «Ոչ» քվեարկածների մասին Զուրաբյանն ասել է. «Դա ավելին էր, քան բարոյական հաղթանակը. սա նոր իրողություն ձեւավորած հաղթանակ է: Սա ինչ-որ ֆունդամենտ է դրվել, որի վրա կարելի է կառուցել հաղթանակը… Հիմա դիմադրելով այդ ոհմակներին` ընտրակեղծարարներին, մեր հասարակությունն ապացուցեց, որ ինքը չի կորցրել պայքարելու կամքը, նաեւ ավելի անհանդուրժող է դարձել: Ասեմ` մյուս ընտրություններին սրանք ոչ մի շանս չեն ունենա… Եթե չլիներ Ոչ-ի պայքարը, կլիներ հնազանդված ժողովրդի կապիտուլյացիա»:

Ինձ, անկեղծ ասած, դուր եկավ Լեւոն Զուրաբյանի անկեղծությունը: Մարդը հստակ ասում է` ընտրակեղծարարաները ոհմակ են, ընդ որում, առանց նշելու, թե կոնկրետ ո՞ր թվականի եւ ո՞ր ընտրությունների ընտրակեղծարարները: Միեւնույն ժամանակ, նա պարզ բացատրում է, որ մինչեւ 1998-ը մենք եղել ենք հնազանդեցված ժողովուրդ եւ ունեցել ենք հնազանդված ժողովրդի կապիտուլյացիա: Համաձայնեք, Զուրաբյանն իր այս անկեղծությամբ արժանի է անգամ Նոբելյան մրցանակի` ֆիզիկայի բնագավառում, մանավանդ, որ ֆիզիկան նրա համար ավելի հարազատ ոլորտ է, քան քաղաքականությունը: Բայց դառնանք բարոյականությանը: Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում` «ավելին, քան բարոյական հաղթանակը», ավելին, ես վստահ եմ, որ բարոյական հաղթանակ չի լինում, լինում է պարտություն, երբ դու անկախ նրանից` որքանով ես կատարում պարտքդ` խղճիդ առջեւ, պարտվում ես եւ լինում է հաղթանակ, երբ դու անկախ նրանից, թե որքան ես դավաճանում խղճիդ, հաղթում ես: Իհարկե, հնարավոր է պարտվել` դավաճանելով սեփական խիղճը կամ հաղթել` կատարելով պարտքը սեփական խղճի հանդեպ, բայց իմ կարծիքով հանրաքվեն այս ամենի հետ կապ չունի:

Իրականությունն այն է, որ այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան, քանի որ Ոչ քվեարկածներն անգամ այսուհետ ապրելու են` պահպանելով «Այո ասածների Սահմանադրությունը», քանի որ նոր Սահմանադրությունը բոլորինս է, ի դեպ, այն շուտով կսկսի գործել` սահմանելով նոր` անշրջելի իրականություն: Որից, ինչպես երեւում է, Լեւոն Զուրաբյանն իրեն դուրս է հանել, դե` մարգինալացել է: Պատահական չէ, որ հանդես է եկել` փոստատար աշխատելու պատրաստակամությամբ: Խնդիրն այն է, որ հիմա մարդիկ նամակները որպես կանոն էլեկտրոնային են ստանում, փոստատարի կարիք չկա, եւ այդ աշխատանքը մեր իրականությունից աստիճանաբար դուրս է մղվում:

Եւ ուրեմն, առաջարկում ենք Լեւոն Զուրաբյանին, հանգստանալ. ամոթ բան չէ, օրինակ երբ այս օրերին ԱՄՆ պետքարտուղար Քերին Մոսկվայում էր, նրան հյուրընկալած նախագահ Պուտինը ասել է. «Պարոն պետքարտուղար, մենք տեսնում ենք, թե որքան ջանք եք ներդնում մի շարք սուր խնդիրների կարգավորման գործում, չենք հասցնում հետեւել Ձեր տեղափոխություններին: Տեսնում եմ` Ձեզ մի լավ քնել է պետք»:

Ինչպես մենք ենք տեսնում` մի լավ քնել պետք է ոչ միայն ԱՄՆ պետքարտուղարին:

Հովիկ Աֆյան