Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է 18-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Լեւոն Վարդանյանը։
Լեւոնն այս տարվա հունվարին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Կապանում։
Լեւոնը Երեւանից էր։ Նախքան բանակ զորակոչվելը աշխատում էր որպես խոհարար։
Լեւոնն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 12-ի գիշերը՝ մարտական գործողությունների սկսվելու ժամեր առաջ։
«Շատ լավ տրամադրություն ուներ, մայրիկին ասել էր՝ հանգիստ քնիր, մամ ջան, ես այստեղ եմ։ Դրանից հետո կապը Լեւոնի հետ ընդհատվել է։ Վեց օր իրենից լուր չունեինք։ Ում դիմել ենք, ասում էին՝ տեղեկություն չունենք։ Օրեր շարունակ փնտրում էինք Լեւոնին։ Անգամ իր հայրիկն է անտառներում մասնակցել որոնողական աշխատանքներին։ Ենթադրում ենք, որ առաջին օրն է զոհվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լեւոն Վարդանյանի մորաքրոջ աղջիկը՝ Արմինե Բորանյանը։
Լեւոնը սեպտեմբերի 17-ին հայկական կողմին փոխանցված 32 զինծառայողների թվում էր։
Լեւոն Վարդանյանը զոհվել է դիրքային մարտերում։ Նա հուղարկավորվել է սեպտեմբերի 20-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 21-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։
Աղբյուրը՝ NEWS.am