Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի ընդունումը: Նախագծի ընդունման և կիրառման արդյունքում նախատեսվում է`գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը ամրապնդել, հստակեցնել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, բարձրացնել գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով վերոնշյալ օրենքի նախագծին, նշեց, որ կան մի քանի կարևոր խնդիրներ, որ պարտադիր շտկման են ենթակա:
«Կան մի քանի լուրջ խնդիրներ: Երեք ընթերցումներով այս օրենքի անցկացումը, կարծում եմ՝ ճիշտ չէ: Առաջարկում եմ առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը տեղափոխել հաջորդ քառօրյա, որը փետրվարին է լինելու, և դա նշանակում է, որ մենք գոնե մեկ ամիս ժամանակ կունենանք և հանձնաժողովին էլ կառաջարկենք, որ քննարկում կազմակերպվի»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ կոոպերատիվների կազմակերպաիրավական ձևերը, ինչպես փորձն է ցույց տալիս, ամենատարբեր ուղղություններով են:
Պատգամավորի խոսքով`այս համատեքստում «փայ» բառի դեմ արտահայտվելուն համաձայն չէ:
«Համաձայն չեմ այն գործընկերների հետ, ովքեր ուզում են «փայ» տերմինը հայերեն դարձնել: Այդ բնորոշումը հատուկ է հենց կոոպերատիվին, կոոպերատիվ համակարգին: Եթե անգամ մի ուրիշ անուն դնենք, ասենք օրինակ «բաժնեմաս», միջազգային հանրությունում, ներդրողները չեն ընկալի այս բառի իմաստը, որովհետև զարգացումը «փայ» բառից մինչև «բաժնեմաս», անցել է բիզնեսի զարգացման որոշակի ընթացք»,- ասաց նա` հավելելով.
«Որպես կանոն` բաժնետոմսերը կամ բաժնեմասերը սահմանափակ գործածության շրջանառության համակարգերում են: Կոոպերատիվը, որպես բիզնեսի կազմակերպման ձև, ունի զարգացման ընթացք և, ի տարբերություն բաժնեմասերին, գոյություն ունի կապիտալի մասնակցություն, անձի ֆիքսումը, ապա կոոպերատիվի դեպքում կա անձի և մարդու, կապիտալի միաժամանակյա մասնակցությունը: Այսինք` անձը նաև իր ունակությունն է դնում իր գործի մեջ: Դրանով է պայմանավորված կոոպերատիվների առանձնահատկությունը»:
Մինասյանը օրինագծի դրական կողմերն ընդգծելով` նշեց նաև մի շարք, իր կարծիքով, թերի կողմեր. «Պետության քաղաքականության նպատակներն ու կորպորատիվի նպատակները խիստ տարբեր են: Կորպորատիվի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր, օպտիմալ ռեսուրսների համախմբում, շահույթի ստացում, մինչդեռ պետության քաղաքականության նպատակն է խթանել այդպիսի կոպերատիվների գոյությունը, որպեսզի երկրում խնդիրները լուծվեն»: Տնտեսագետ պատգամավորի խոսքով` կոոպերատիվների ստեղծման կամ ձևավորման հիմքերին է վերաբերում երկրորդ կարևոր հանգամանքը:
«Ճիշտ է` գրված է, որ հիմնադրման և վերակազմակերպման ձևով կարող է լինել, սակայն, վերակազմակերպման հարցը մնում է կիսատ: Մենք այստեղ չպետք է սահմանափակենք այն, որ ցանկացած ՍՊԸ կամ այլ ձեռնարկություն դառնա կորպորատիվ: Մյուսը սեփականության իրավունքի գրանցման հարցն է, որ այստեղ լուծված չէ: Փայատիրոջ սեփականության գրանցման հարցին անդրադարձ չկա: Այդ սեփականության իրավունքը պետք է փաստաթղթավորվի: Կան նաև տերմինաբանակական սխալներ: Պետական աջակցության սխեմաներին է վերաբերում հաջորդ հարցը»,- ասաց պատգամավորը: