կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 12:08
Տնտեսական

ԱԺ-ում գյուղացիական կոոպերացիաների մասին կարևոր նախագիծ է քննարկվում

ԱԺ-ում գյուղացիական կոոպերացիաների մասին կարևոր նախագիծ է քննարկվում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի ընդունումը: Օրենքի նախագծի մշակմամբ է պայմանավորված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, և երկու օրինագծերը Ազգային ժողով են ներկայացվել իբրև մեկ ամբողջական փաթեթ:

Այժմ գործում է 340 հազար գյուղացիական տնտեսություն: Դրանց փոքր չափերը, գյուղատնտեսական մթերքի արտադրության և իրացման դժվարությունները հնարավորություն չեն տալիս արդյունավետ գյուղատնտեսություն վարելու: Ստեղծված իրավիճակում կարևորվում և պահանջվում է կատարելագործել ոլորտի տնտեսվարման ձևերը, համակարգված պետական քաղաքականություն իրականացնել կոոպերացիայի զարգացման ուղղությամբ: Մինչ օրս Հայաստանը չունի գյուղատնտեսական կոոպերացիայի բնագավառը կարգավորող մեկ, ամբողջական, համապարփակ օրենք:

Այդ բացը լրացնելու քայլերից է կառավարության` ս.թ. դեկտեմբերի 10-ի նիստում հավանության արժանացած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա` ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուժերով և լրամշակվել գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված` վերը նշված գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ հանրային խորհրդի և ՀՀ ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից: Կառավարության հավանությանն արժանացած նախագծի ընդունումից և կիրառումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

-կբարելավվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը,

-կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները,

-կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը,

-կբարձրանան գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը:

Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը: