կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 15:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ մասին օրինագիծը․ երկրորդ ընթերցումը՝ 3 ժամից

88 կողմ ձայնով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական  փոփոխությունների նախագիծը, որը դադարեցնում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և 12 տարի պաշտոնավարած անդամների լիազորությունները՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են նիստը։ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրեց ու մեկուկես ժամում ընդունեց օրինագիծը։

Նախագծի երկրորդ ընթերցումը արագացված ընթացակարգով այսօր՝ 3 ժամից է։

Ընդդիմադիրներն այս օրինագծի ընդունումը որակում են իբրև սահմանադրական կարգի տապալում։

Վենետիկի հանձնաժողովը ևս այն որակել է իր առաջարկներին չհամապատասխանող։

Ընդ որում, «Իմ քայլը» խմբակցությունը օրինագիծն ուղարկել էր Վենետիկի հանձնաժողով, բայց առանց այդ մարմնի խորհրդատվական կարծիքին սպասելու սկսել նախագծի քննարկումն ԱԺ-ում։ Նիստին զուգահեռ եկավ նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որի 82-րդ կետով հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Ազգային ժողովը նախագիծն օրակարգ է մտցրել այն օրը, երբ պիտի հրապարակվեր հանձնաժողովի կարծիքը։ Հանձնաժողովի նաև նշում է, որ նշված նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։ Վենետիկի հանձնաժողովը նաև պարտադիր է համարում, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը պետք է ուղարկվեր ՍԴ, ինչպես նախատեսում է ՀՀ Սահմանադրությունը, այնինչ դա չի արվել։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում արագացված՝ 3-ժամյա ընթացակարգով, քննարկում է Սահմանադրության փոփոխության մի նախագիծ, որով կդադարեցնի ՍԴ գործող նախագահի ու այն անդաների լիազորությունները, որոնք 12 տարուց ավելի են պաշտոնավարել։ Մնացած դատավորները կշարունակեն պաշտոնավարել մինչև լրանա ՍԴ դատավորի պաշտոնում նրանց 12 տարին: Սահմանվում է նաև, որ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարում է, որից հետո ՍԴ նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով՝ 6 տարի ժամկետով:

Մանրամասն՝ տեսանյութում․