կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 20:21
Արցախ

ԼՂՀ արտգործնախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում

ԼՂՀ արտգործնախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում

Դեկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսական Աննա Էշուի հետ. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նույն օրը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի և հանձնախմբի ԱՄՆ կառավարության հետ կապերի պատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ, Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր, հատկացումների հանձնաժողովի անդամ Մարկ Քըրքի հետ: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությանը վերաբերվող մի շարք հարցեր:

Նույն օրը ԼՂՀ արտաքին գործերի նախարարը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հովանու ներքո Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով:

Միջոցառմանը, որը մեկնարկել է Հայաստանյաց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի օրհնության աղոթքով, մասնակցել են ամերիկահայ կառույցների և համայնքային շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցներ, փորձագետներ և լրագրողներ:

Ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ, այդ թվում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունն ու Ռոբերտ Դոլդը, կոնգրեսական Ադամ Շիֆը և ուրիշներ: Կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանն ու ժողովրդավարական զարգացմանը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու  ուշադրության կենտրոնում պահել Արցախին առնչվող հարցերը: Ելույթ ունեցողները նաև շեշտել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Միջոցառման մասնակիցներին նաև ողջունել և իր խոսքն է ուղղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը:

Իր ելույթում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդի անցած ուղին վկայում է, թե անհնար է սահմանափակել ժողովրդի ձգտումն ինքնուրույն որոշելու իր ապագան և ճակատագիրը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին ԼՂՀ-ին վերաբերող հարցերում ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին, ներկայացրել Ադրբեջանի սադրիչ քաղաքականության արդյունքում շփման գծում ստեղծված իրավիճակը:

Նախարարն ընդգծել է, որ ներկայումս ԼՂՀ կայացած պետություն է՝ պետականության բոլոր ատրիբուտներով և ինստիտուտներով, սեփական Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ և զարգացող տնտեսությամբ: Արցախը նաև հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական գործոն տարածաշրջանում, որը նպաստում է կայունությանն ու խաղաղությանը: Անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ապացուցել է, որ հանդիսանում է վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր միջազգային հանրության համար և հետևողական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված իր գործողություններում: 

Ելույթի ավարտին Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի իրողությունը և ճանաչի ազատ և ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: