կարևոր
2056 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-15 17:13
Քաղաքական

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել ամերիկա-հնդկական համաժողովի ժամանակ

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել ամերիկա-հնդկական համաժողովի ժամանակ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը հունիսի 14-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ամերիկացիները հնդիկների համար» կազմակերպության և Հնդկա-ամերիկյան հիմնադրամի կազմակերպած ամերիկա-հնդկական համաժողովին՝ նվիրված քաղաքական ներգրավածության խնդիրներին։

Հայ դատի գրասենյակի տնօրենի խոսքի կարևոր շեշտադրումները ներկայացնում ենք ստորև։

«Հայերն ու հնդիկները հնագույն քաղաքակրթությունների ալիանս են՝ միավորված ընդդեմ ժամանակակից ատելության և անհանդուրժողականության կրողների: Մենք այս քաղաքակրթական գործընկերությանը հասել ենք համատեղ երկար ու հպարտ պատմության արդյունքում։ Այնքան շատ հնդիկ ուսանողներ են սովորում Հայաստանում՝ հարստացնելով հայ հասարակությունը, իրենց օժանդակությունը բերելով իմ հայրենիքին: Այսօր մտահոգիչ տեղեկություններ ենք ստացել, որ Երասխում Ադրբեջանի սահմանային հարձակման հետևանքով Հնդկաստանի երկու քաղաքացիներ են վիրավորվել։ Աղոթում ենք նրանց շուտափույթ ապաքինման համար։

Ձեզանից շատերը գիտեն, որ առաջին հայկական պարբերականը «Ազդարարը» լույս է տեսել Մադրասում (1794 թ.), այժմ՝ Չեննայում։ Մինչ օրս Հնդկաստանում գործում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ և դպրոցներ, որոշները՝ 18-րդ և 19-րդ դարերի: Արևելյան ուղղափառ ամենախոշոր դավանանքը՝ Մալանկարայի ուղղափառ սիրիական եկեղեցին, խոր արմատներ ունի Հնդկաստանում և դավանական սերտ կապ մեր հայ առաքելական հավատքի հետ: Մենք, իհարկե, կիսում ենք Բանգլադեշի ցեղասպանության ցավը և ձգտում ենք դրա ճանաչմանը, որովհետև մեր սեփական փորձից գիտենք, որ նման հանցագործությունները, որոնք կատարվել և մնացել են անպատիժ, միայն նոր վայրագությունների են հանգեցնում: Եվ, իհարկե, մենք ականատեսն ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմավարական և անվտանգային կապերի աճին։

Ամերիկայի հնդկական համայնքին և ձեր դատին անձնական ծանոթությունս տեղի է ունեցել իմ լավ ընկեր Ջեյ Քանսարայի միջոցով: Մենք ամուր բարեկամական հարաբերություններ ենք զարգացրել շատերի հետ, որոնց թվում են Միհիր Մեղանին, Սամիր Կալրան, Ռաջիվ Պանդիտը, Ուցավ Չակրաբարտին և Անիտա Ջոշին:
Հարևաններ՝ Ամերիկայում, դաշնակիցներ՝ համաշխարհային ասպարեզում: Մենք ունենք զարգացող գործընկերություն»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

15.06.2023թ.