կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-30 17:29
Մշակույթ

Տարօրինակ լռություն. կառավարությունը չգիտի՞՝ ում է վաճառել Համալիրը

Տարօրինակ լռություն. կառավարությունը չգիտի՞՝ ում է վաճառել Համալիրը

Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի: Այս մասին տեղեկանում ենք iravaban.net-ից: ԱՄՆ Ալաբամայի անվտանգության կոմիտեի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնը, կայքի հարցմանն ի պատասխան, նշել է. «Երբ նա չներկայացավ դատարան, դատարանը նրան ձերբակալելու որոշում ընդունեց: Նա խուսափում է արդարադատությունից: Նրա գործը կվերաբացվի անմիջապես այն բանից հետո, երբ նա կձերբակալվի և կվերադարձվի պետությանը: Գործը փակված չէ, և Դինոն հետախուզվում է»:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին Մարզահամերգային համալիրի և դրա հարակից տարածքների ու շինությունների վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր է կնքել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հետ, որի տնօրենն ու միակ բաժնետերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է: 

Iravaban.net-ի ձեռքի տակ եղած փաստաթղթերի համաձայն՝  Վահագ Դինո Ավադիսյանին մեղադրանք է առաջադրված 2009 թվականի հունվարին՝ արժեթղթերի ապօրինի առուվաճառքի համար՝ Ալաբամայի օրենսգրքի մի քանի հոդվածներով: 

Yerkir.am-ի հետ զրույցում Մարզահամերգային համալիրի  համահեղինակ-ճարտարապետ Հրաչ Պողոսյանը նշեց, որ այս դեպքում ամենևին էլ կապ չունի՝ ինքը կառույցի հեղինա՞կն է, թե՞ սովորական քաղաքացի, այստեղ մի խնդիր կա՝ վաճառքն օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ:

«Եթե որևէ մի բան վաճառում են, մանավանդ՝ Համալիրի նման հզոր կառույց, ենթադրում եմ, որ վաճառողները պետք է իմանան, թե ում են այն վաճառում: Ես չեմ ճանաչում և չգիտեմ՝ սեփականատերն ով է, ինչացու է: Բայց եթե մարդը սրիկա է, իսկ կառավարությունն այդ մարդուն վաճառում է իր ունեցվածքը, այդ երևույթն անուն ունի՝ հիմարություն: Եթե վաճառքը կայացել է, կարծում եմ՝ ստուգել են՝ ով է: Համենայն դեպս, խելոք մարդիկ այդպես են անում»,- ասաց Պողոսյանը:

Այն, որ վաճառքը կայացել է ամիսներ առաջ, բայց մինչ օրս հանրությունն այդպես էլ տեղյակ չէ կառույցի հետագա ճակատագրի մանրամասներին, ճարտարապետի կարծիքով, լավ չէ: «Չգիտեմ՝ այս լռությունն ինչով է պայմանավորված, բայց մի բան հստակ է՝ խաղատուն, հյուրանոց, այդ ամենը  Համալիրի հետ կապ չունի, այդ ամենը պետք է լինի Համալիրի տարածքից դուրս և չխանգարի Համալիրին: Համալիրը պետք է շարունակի ունենալ այն գործառույթները, որոնք ի սկզբանե ունեցել է: Սեփականատերը կա-չկա՝ չեմ հասկանում, այդ խորամանկություններից չեմ էլ կարողանում գլուխ հանել»,- ասաց Պողոսյանը:

Համալիրի համահեղինակ-ճարտարապետներից ևս մեկը՝ Գուրգեն Մուշեղյանը, նշեց, որ իրեն սեփականատերը, նրա՝ ով լինելն ամենևին էլ չի հետաքրքրում: «Կազմակերպչական, իրավական, ֆինանսական խնդիրներ են այդ ամենը, և թե այս ի?նչ պատմություն դուրս եկավ, կարծում եմ՝ պետք է կառավարությունից պատասխանեն: Ինձ հետաքրքրում է մի բան՝ Համալիրը վերակենդանանա՝ չփչացնելով իր տարածքը»,- ասաց նա:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ Համալիրի վաճառքը, առհասարակ, անթափանց  ու մութ գործարք էր: Ըստ նրա՝  պետք է շատ որոշակի լիներ, թե ո՞ւմ են վաճառել այն, ի՞նչ հնարավորություններ ունի սեփականատերը, որպեսզի հետո այդ շենքը «չփոշիանա»:

«Միևնույն ժամանակ, շենքը չի կարելի նման ձևով վաճառել անհայտ մարդկանց, և դեռ շենքի կողքն էլ  թույլատրել այլ կառույցների գոյությունը: Մենք չենք էլ իմանում, թե որ տարածքների մասին է հարցը: Մինչև հիմա մեր ձեռքում չունենք հիմքեր, թե այդ տարածքի, որ մասն են ուզում հյուրանոց սարքել, ինչը, բնականաբար, անթույլատրելի է»,- ասաց ՄԻնասյանը:

Մի կողմից՝ այս անորոշ վիճակը, մյուս կողմից՝ պատկան մարմինների լռությունը, ըստ նրա, տարօրինակ է: Մինասյանի համոզմամբ՝ եթե անգամ շատ փոքր կառույց են վաճառում, պետք է այդ գործարքը շատ թափանցիկ լինի, քանի որ դրանք արժեքներ են, մեր պետության դեմքն են, և հասարակությունը պետք է իմանա՝ ո՞ւմ է տրվում, ի՞նչ պայմաններով, ի՞նչ խնդիրներ պետք է լուծի սեփականատերը...  

Հարցին, թե հիմա ումից ինչ պետք է պահանջենք, Մինասյանը պատասխանեց, թե նախ պետք է պարզաբանեն հանրությանը, թե ո՞ւմ և ի՞նչ հիմունքներով են վաճառել շենքը: «Կառավարությունն արդեն իր որոշումը կայացրել է, սակայն դրանից հետո ոչ մի քայլ չի արվել, որպեսզի ներկայացնեն, թե հետո ինչ է լինելու: Փաստորեն, կատարվում է այն, ինչ տարիներ շարունակ կատարվել է»,- ասաց նա:

Ի դեպ, iravaban.net-ի հաղորդմամբ, սեփականատերն առքուվաճառքի դիմաց վճարումը չի կատարել, իսկ կառավարության 2015 թվականի օգոստոսի  13-ի 935-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ այդ դեպքում առուվաճառքի պայմանագրի դրույթներն ուժի մեջ չեն մտնում:

Ստացվում է՝ որոշումն ուժը կորցրած է համարվում, եթե, իհարկե, պատկան  մարմինների հերթական ֆոկուսի արդյունքում ոչինչ չփոխվի: Համալիրի ճակատագիրն, այնուամենայնիվ, անորոշ է: Հուսանք՝ առաջիկայում կառավարությունը հանրությանը Համալիրի վաճառքի կապակցությամբ մանրամասներ կներկայացնի:

Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին, երբ նոր էր կնքվել Համալիրի վաճառքի պայմանագիրը, կառույցի հեղինակ-ճարտարապետներն իրենց մտահոգությունն էին հայտնում դրա ճակատագրի կապակցությամբ: 

 

Կարինե Հարությունյան