Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հինգշաբթի` երեկոյան ժամեր, Ստամբուլ
Բոսֆորի ափին մեղմ, բայց սառը քամի է, ինչը տարվա այս ժամանակահատվածի համար նորմալ է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը համաձայնում է հարցազրույց տալ «Ֆրանս պրես» լրատվական գործակալությանը, բայց` Ստամբուլում, քանի որ ֆրանսիացիներին Անկարայով չես զարմացնի: Լրագրողի հարցին, թե` կցանկանայի՞ք, արդյոք, հարցերը նախօրոք ուղարկեմ, Էրդողանը պատասխանում է` այո, որպեսզի այդ հարցերն ուղարկի Վաշինգտոն եւ հետ ստանա պատասխանները:
Նույն օրը` ավելի ուշ, Անկարա, Էրդողանի նստավայր
Էրդողանի քարտուղարը ներս է մտնում սարսափելի անհանգիստ դեմքով: Դիմելով նախագահին եւ ընդգծելով, որ թուրքական ղեկավարությունը 100 տարի անց էլ չի փոխվել, ասում է. «Էֆենդի\', Օբաման հարցերը հետ է ուղարկել եւ գրել. «Եղունգ ունես` գլուխդ քորի»: Քարտուղարի դեմքի սարսափը փոխանցվում է Էրդողանի դեմքին, բայց շատ կարճ ժամանակ անց նա ասում է. «Գնացինք Ստամբուլ, այդ հարցազրույցն իմ պատվի հարցն է»:
Նույն օրը` վաղ առավոտ, թուրք-սիրիական սահման, այն հատվածը, որը վերահսկում են ԻՊ-ի զինյալները
Մոտ 150 բեռնատար Սիրիայից մտնում է Թուրքիա` առանց մաքսային ստուգումների, առանց կանգ առնելու, շարքով` գեղեցիկ, դանդաղ, ասես վստահ են, որ իրենց ոչ ոք չի կանգնեցնելու: Նրանք խորանում են Թուրքիայի տարածքը եւ կանգ առնում Անկարային մոտ մի փոքրիկ ավանում: Նույն պահին Էրդողանին, բայց` որդի Էրդողանին, տեղեկացնում են, թե բեռը եկել է: Էրդողանը կարգադրում է վճարել: Մի քանի ժամ անց բեռնատարների` ԻՊ-ի զինյալների համազգեստով վարորդները արդեն դատարկ բեռնատարներով, բայց լիքը գրպաններով հետ են գնում Սիրիա, ավելի ճիշտ` դեպի ԻՊ, ավելի ճիշտ` դեպի Սիրիա:
Նույն օրը` կեսօր, ռուսական «Ինտերֆաքս»-ի խմբագրություն
Լրագրողներից մեկը, ով հավատարմագրված է` լուսաբանելու Պուտին-Օլանդ հանդիպումը, գլխավոր խմբագրի սենյակում ճշտում է այն հարցը, որը ինքը պետք է տա երկու նախագահներին: Բոլոր հարցերից ընտրվում է այս մեկը. «Ի՞նչ կասեք այն տեղեկությունների մասին, որ Թուրքիան նավթամթերք է գնում ԻՊ-ի ահաբեկիչներից, դրանով իսկ ֆինանսավորում է ահաբեկիչներին»:
Նույն օրը` ուշ երեկոյան, Ստամբուլ
«Ֆրանս պրես»-ի լրագրողն արդեն տասը րոպե սպասում է Էրդողանին: Նա ժամանում է դեմքի`շատ հանգիստ արտահայտությամբ, բայց ներքին որոշ լարվածությունը չի կարողանում թաքցնել: Նստում են դեմ առ դեմ: Էրդողանն արձակում է պիջակի կոճակները, ուղղում փոխկապը: Հարցազրույցը սկսվում է:
Նույն օրը` գրեթե նույն ժամեր, Մոսկվա, Կրեմլ
Օլանդին Պուտինը սպասեցնել չի տալիս: Արագ հանդիպում են, արագ ձեռք են սեղմում, արագ մտնում են հանդիպման սենյակ, նրանց հետեւից արագ փակում են դռները… «Ինտերֆաքս»-ի լրագրողը կարմիր գրիչով իր կարմիր նոթատետրում գրում եւ ջնջում է իր հարցը, բոլորն անհամբեր եւ անհանգիստ սպասում են:
Նույն օրը` մի քանի րոպե անց, Ստամբուլ, Էրդողանի նստավայր
Էրդողանն արդեն չի կարողանում թաքցնել լարվածությունը: «Ֆրանս պրես»-ի լրագրողը հարցը հնչեցնում է շատ հանգիստ, անգամ` ժպիտով: «Պարո\'ն նախագահ, Թուրքիային, անձամբ Ձեր ընտանիքին, ավելի կոնկրետ` Ձեր որդուն մեղադրում են ԻՊ-ի ահաբեկիչների հետ գործարքներ ունենալու մեջ, մասնավորաբար ասում են, որ դուք նավթամթերք եք գնում ԻՊ-ից: Ի՞նչ կասեք»: Էրդողանն առանց երկար մտածելու, առանց դադարի սկսում է պատասխանել` փորձելով հասկացնել, որ հարցն իր համար ամենեւին էլ դժվար չէ: «Չկա այդպիսի բան եւ չի էլ կարող լինել: Նա, ով փաստեր կներկայացնի, որ մենք համագործակցում ենք ԻՊ-ի հետ, ես պատրաստ եմ հրաժարական տալ. դա ինձ համար պատվի հարց է»: Լրագրողը մի փոքր դադար է առնում, ուշադիր նայում է Էրդողանի դեմքին, ոչինչ չի հասկանում, միայն զգում է:
Նույն օրը` նույն ժամերին, ԻՊ-ի «մայրաքաղաք» Ռաքքա` ինչ-որ «Աբդուլա»-ի գրասենյակ
ԻՊ-ի զինյալների համազգեստով մի 20 հոգի լուռ փողերն են հաշվում, ամեն մեկն` առանձին, այնքան շատ փող կա: Տասը րոպե անց, երբ բոլորն ավարտում են, նրանցից մեկը, հավանաբար` գլխավորը, հայտարարում է. «Իշալլահ, հաջորդ անգամ կարելի է ավելի շատ ուզել թուրքերից, հիմա նրանք էլ չեն կարող ռուսներից նավթ ստանալ, հույսները միայն մենք ենք: Իսկ այս փողով գիտեք, թե ինչ պետք է անեք: Մինչ այդ զանգեք Լոնդոն, Մոսկվա, Նյու Յորք, Բրյուսել… Ասեք տղերքին, որ պատրաստ լինեն, սկսում ենք»: Բոլորը բացականչում են. «Իշալլահ»:
Նույն օրը` գրեթե նույն ժամերին, Մոսկվա, Կրեմլ
«Ինտերֆաքս»-ի լրագրողը պարապությունից փոքր-ինչ ննջել էր, երբ բացվեցին դռները, եւ սենյակից դուրս եկան Պուտինն ու Օլանդը: Բոլորն անմիջապես սթափվեցին, օպերատորները սեղմեցին rec-երը: Երկու նախագահների բացման խոսքից հետո սկսվեց համատեղ ասուլիսը: «Ինտերֆաքս»-ի լրագրողը հերթագրվել էր, նրա հերթը վերջինն էր:
Նույն օրը` գրեթե նույն ժամերին, Ստամբուլ, Էրդողանի նստավայր
Հարցազրույցն ավարտվել էր, երբ «Ֆրանսս պրես»-ի լրագրողը Էրդողանից հետաքրքրվեց. «Պարո\'ն նախագահ, Դուք դիտելո՞ւ եք Պուտին-Օլանդ համատեղ մամուլի ասուլիսը` ուղիղ եթերով»: Էրդողանն անակնկալի եկավ եւ պատասխանեց. «Իհարկե, դիտելու եմ»: «Իսկ դեմ չե՞ք լինի, եթե միասին դիտենք»,- հարցրեց լրագրողը: Էրդողանը հասկացավ, որ ինքը փակուղու մեջ է, եթե ասի` ոչ, լրագրողն իրեն կմեղադրի անբարեկրթության մեջ, եթե ասի` այո, ապա լրագրողն իրեն շատ բաներում կմեղադրի: Էրդողանն ասաց` այո…
Նույն օրը` րոպեներ անց, Մոսկվա, Կրեմլ
«Ինտերֆաքս»-ի լրագրողը հանգիստ վերցրեց խոսափողը եւ հանգիստ հնչեցրեց իր հարցը: Դատելով Պուտինի դեմքից` հարցը նրան դուր եկավ, դատելով Օլանդի դեմքից` նրան ոչ մի բան դուր չի գալիս: Պուտինը պատասխանեց. «Գիտեք` մենք տիեզերքից հետեւոմ ենք, թե ինչ է կատարվում: Մենք տեսնում ենք, որ Սիրիայի տարածքից` այն տարածքներից, որոնք գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ, բեռնատարներն են շարժվում դեպի Թուրքիա: Կրկնում եմ` մենք դա տեսնում ենք: Մենք գիտենք, որ այդ բեռնատարները նավթամթերք են տեղափոխում, ինչը, գիտե՞ք, արդյունաբերական ծավալների է հասնում: Մենք տեսնում ենք նաեւ, որ այդ բեռնատարների ընթացքը Թուրքիայի տարածքում կանգ է առնում: Ես հասկանում եմ, որ թուրքական ղեկավարությունը կարող է այս մասին չիմանալ, ինչին դժվար է հավատալ, բայց ինչը տեսականորեն հնարավոր է, բայց մենք, ահա, ասում ենք, թո\'ղ իմանան»:
Նույն օրը` նույն ժամերը, Ստամբուլ, Էրդողանի նստավայր
«Ֆրանս պրես»-ի լրագրողը էկրանից չի կարողանում կտրվել: Այս պատասխանից հետո Պուտին-Օլանդ համատեղ ասուլիսն ավարտվում է: «Ֆրանս պրես»-ի լրագրողը, մի շատ կարեւոր բան հիշելով, շրջվում է դեպի իր կողքին նստած Էրդողանը, բայց Թուրքիայի նախագահն այլևս այդ սենյակում չի լինում... Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները նրան հայտնում են, որ նախագահ Թայիբ Էրդողանը հրատապ պետական գործերով շատ արագ վերադարձել է մայրաքաղաք: «Ֆրանս պրես»-ի լրագրողը մի ճշտող հարց է տալիս. «Նա հրաժարակա՞ն է տալու...»:
Հովիկ Աֆյան