Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայի նիստում, երբ քննարկվում էր 2016թ. բյուջեի նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսներ նախարար Գագիկ Խաչատրյանին: Նա նշեց, որ պետական բյուջեի գլխավոր ցուցանիշներից մեկը ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի հարաբերակցությունն է, և այդ առումով` ցուցանիշները տարեցտարի վատթարանում են:
«2016-ի համար ունենք 90,6 տոկոս ընթացիկ ծախսեր և միայն 9,4 տոկոս կապիտալ ծախսեր: Կոպիտ ասած՝ ընթացիկ ծախսերը ռոճիկացուցակն է, կապիտալ ծախսերը զարգացմանն ուղղվող միջոցներն են: 2008-ին այդ տոկոսը 9,4-ի դիմաց եղել է 20 տոկոս, 2010-ին` 18 տոկոս , 2012-ին՝ 13 տոկոս: Ո՞րն է կառավարության քաղաքականությունը, ո՞րն է ձեր կարծիքը, ինչ պետք անել այս անընդհատ անկումից դուրս գալու համար: Այլապես ստացվում է որ մենք պահում ենք հսկայական պետական ապարատ միայն աշխատավարձեր ու նպաստներ տալու համար, իսկ զարգացման համար շատ փոքր միջոցներ ենք հատկացնում»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր հարկային նոր օրենսգրքին: Նա նշեց, որ երբ վարչապետը ներկայացնում էր բյուջեն, ասաց, որ, կառավարության ծրագրով նախանշված կառավարման ու կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ, նոր կարևորություն է ստանում հարկային նոր օրենսգրքի քննարկումն ու ընդունումը: «Դուք օրենսգրքի մասին խոսեցիք, բայց կարո՞ղ եք ասել, թե որ կառավարման ու կառուցվածքային փոփոխությունների մասին է խոսքը»,- հարցրեց նա:
Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ իսկապես կապիտալ ծախսերը քիչ են, և դա բյուջեի ամենացավոտ հարցերից մեկն է: Բայց բյուջեի կառուցվածքն այնպիսին է, որ սոցիալական ծախսերից հետ գալը շատ դեպքերում լինում է աննպատակահարմար ու դժվար: Տնտեսությունը պետք է աշխուժացվի և լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովի, պետք է կրճատել ծախսերը, որոնք կստեղծեն խնայողության ռեժիմ, և ներքին ու արտաքին միջոցներից եկած ռեսուրսները պետք է ուղղել դեպի կապիտալ ծախսերը:
Ինչ վերաբերում է հարկային օրենսգրքին, նախարարը նշեց, որ այն շատ ծավալուն է և վերաբերելու է տնտեսության բոլոր ասպեկտներին` սկսած հարկային արտոնություններից, վերջացրած բոլոր կարգավորումներով: Նրա խոսքով` հարյուրից ավելի կարգավորումներ, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը, կառավարությունը վերացնելու է, անգամ` առաջարկվելու են դրույքաչափերի փոփոխություններ:
Աղվան Վարդանյանը արձագանքեց` ասելով, որ համաձայն է նախարարի հետ այդ երեք քայլերի հարցում, որ պետք է աշխատել տնտեսության զարգացման, ստվերի կրճատման և խնայողությունների ուղղությամբ, որը կառավարության անելիքն է: Պատգամավորը կարևորեց խնայողությունների հարցը: «Կառավարությունը ուղղակի պարտավոր է գնալ արմատական լուծումների, այլապես մենք յոլա գնալու վիճակ ենք ստեղծում»,- ասաց նա: Գագիկ Խաչատրյանը համաձայնեց նրա հետ: