Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժիշկ, մշակութային գործիչ Գրիգոր Աստարճյանն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, լինելով Մուսուլի նահանգապետի բժիշկը, խուսափել է տեղահանությունից և զինվորական ծառայությունից: Այդ ժամանակ կարողացել է նահանգապետի միջոցով Մուսուլի շրջանում բնակեցնել մոտ 3000 հայի, որոնց աքսորել էին հետագայում կոտորելու նպատակով: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շարունակել է մնալ Մուսուլում և ամբողջ 30 տարի զբաղվել բժշկությամբ ու հանրային աշխատանքով:
Բժիշկ, մշակութային գործիչ: Ազգանունը գրվում է նաև Ասթարճյան տարբերակով:
Ծնվել է 1886/88 թ., Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում:
Նախնական կրթությունն ստացել է Մարաշի Ազգային Կեդրոնական վարժարանում, ապա ուսումը շարունակել Մարաշի պետական լիցեյում/ Հալեպի Ֆրանսիական լիցեյում:
1905 թ. բժշկական վարժարանում սովորելու նպատակով մեկնել է Կ. Պոլիս, ուր Յըլդըզի ռումբի դեպքի հետևանքով ձերբակալվել է և Հալեպ աքսորվել: 1907-08 թթ. ուսումը շարունակել է Դամասկոսի բժշկական վարժարանում: 1910-11 թթ. վերադարձել է Կ. Պոլիս և ուսումը շարունակել բժշկական վարժարանում: 1912 թ. որպես բժիշկ-սպա մասնակցել է Բալկանյան առաջին պատերազմին: 1913 թ. բժշկի վկայական է ստացել և որպես պետական բժիշկ Մուսուլ ուղարկվել:
1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Մուսուլի նահանգապետի բժշկի հանգամանքի շնորհիվ, տեղահանությունից և զինվորական ծառայությունից զերծ է մնացել:
Այդ ժամանակ հաջողացրել է նահանգապետի միջոցով Մուսուլի շրջանում բնակեցնել 3000 կարնեցի հայ որբերի, աղջիկների, կանանց, ծերերի և անկարների, որոնց աքսորել էին հետագայում կոտորելու նպատակով:
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շարունակել է մնալ Մուսուլում և ամբողջ 30 տարի զբաղվել բժշկությամբ ու հանրային աշխատանքով:
Սերտ կապեր է ունեցել արաբ մտավորականների հետ: Գերազանց տիրապետելով արաբերենին՝ հայ գրականությունից թարգմանություններ է կատարել և տպագրել արաբական թերթերում, նաև արաբական գրականությունից թարգմանություններ կատարել և տպագրել Բաղդադում լույս տեսնող հայկական «Գոյամարտ» պարբերականում:
1951 թ. Կահիրեի «Յուսաբեր» օրաթերթում հրատարակել է իր հուշերը Արևմտյան Հայաստանից հայ բնակչության տեղահանության մասին:
Նրա կարևորագույն աշխատությունները՝ «Հայոց պատմութիւն» ու «Հայոց գրական եւ մշակութային պատմութիւն» արաբերեն գրքերն արաբական մամուլի և արաբ մտավորականների ջերմ գնահատանքին են արժանացել: Արաբական պարբերականները, մասնավորաբար քաղդեացիների «ալ-Նեջմա» թերթը արտատպություններ են կատարել այդ գրքերից:
1950 թ. իր անձնական գրադարանի հայկական մասը՝ շուրջ 200 դասական, գրական, պատմական գրքեր, նվիրել է Մուսուլի պետական գրադարանին, որով ստեղծվել է գրադարանի հայկական բաժինը:
Կատարել է նաև բազում այլ բարեգործություններ:
Տասնյակ տարիներ անընդմեջ ընտրվել է Իրաքի թեմի Ազգային գավառական ժողովի երեսփոխան:
1953 թ. ընտանիքով տեղափոխվել է Բաղդադ, որտեղ 1953 և 1956 թվականներին թեմի Քաղաքական ժողովի անդամ է ընտրվել:
Եղել է Թարգմանչաց-Սվաճյան միացյալ վարժարանի հոգաբարձության ատենապետը:
Մուսուլի բազմակրոն բնակչությանն անշահախնդիր ծառայելու համար՝ Հռոմի պապը նրան պարգևատրել է Սուրբ Սիլվեստրի Ասպետի պատվանշանով:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 46-47: