Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջարկում եմ մի խաղ խաղալ, որը, ինչպես բոլոր խաղերը, հատկապես՝ մանկական, ավելի լուրջ է, քան կյանքը: Այսպես՝ եթե դուք դեմ եք սահմանադրական փոփոխություններին, մի պահ պատկերացրեք, որ կողմ եք դրանց, եւ հակառակը՝ եթե դուք կողմ եք այդ փոփոխություններին, մի պահ պատկերացրեք, որ դեմ եք: Վատ մի զգացեք, նախ՝ սա խաղ է, երկրորդ՝ ինչպես ասել է Ուինսթոն Չերչիլը, հիմար է այն մարդը, ով երբեք իր կարծիք-դիրքորոշումը չի փոխում:
Սկսենք առաջիններից: Դուք հավանաբար դեմ եք սահմանադրական փոփոխություններին, քանի որ համոզված եք, կամ, որովհետեւ ձեզ համոզել են, որ այդ փոփոխություններն ընդունելուց հետո Սերժ Սարգսյանը ընդմիշտ մնալու է իշխանության, ինչը նշանակում է, որ ձեզ այդքան անհանգստություն պատճառած գյուղապետ-քաղաքապետը ձեր գյուղում կամ քաղաքում մշտապես «խփելու է» այնքան, որքան ցանկանալու է, հաճախ էլ` ում ցանկանալու է:
Բայց դուք կա\'մ չեք ցանկանում, կա\'մ էլ չեն թողնում, որպեսզի մտածեք լրիվ հակառակ ուղղությամբ՝ լավ, իսկ ո՞րն է ավելի հեշտ` նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելը եւ այդպիսով հաղթե՞լը, թե՞, խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելով, հաղթանակի հասնելը: Եթե մտածեք այս հարցի շուրջ, ապա անմիջապես կհասկանաք, որ երկրորդն անհամեմատ ավելի բարդ է, քանի որ երկրորդում ավելի շատ մարդ է ներգրավված, ինչը նշանակում է, որ ընտրությունների՝ համեմատաբար արդար ընթացքը ավելի շատերի շահագրգռվածությունն է, ավելի մեծ է այստեղ վերահսկողությունը եւ դրա հնարավորությունները: Երբ սա հասկանում եք, մտածում եք նաեւ, որ ուրեմն ինչո՞ւ դեմ լինել սահմանադրական փոփոխություններին, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգի ստեղծմանը, չէ՞, որ այդպիսով մեր երկրում ընտրությունների արդյունքներն ավելի բարդ է լինելու կեղծել: Հենց սա էլ հասկանում եք, մտածում եք՝ իսկ գուցե այն մարդիկ, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին, ճի՞շտ են: Սրանում, կրկնում եմ, չեք համոզվում, այլ մտածում եք:
Երկրորդը, այսինքն՝ նրանք, ովքեր կողմ են սահմանադրական փոփոխություններին եւ պետք է պատկերացնեն, որ դեմ են: Դուք հավանաբար կողմ եք այդ փոփոխություններին, քանի որ ցանկանում եք նախ` մի բան փոխել, ապա եւ համակարգային բան փոխել, ինչը, հասկանալի է, հնարավոր է երկրի կառավարման համակարգը փոփոխելու արդյունքում: Դուք համոզված եք, կամ ձեզ համոզել են, որ երբ Սահմանադրությունը փոփոխությունների ենթարկվի, եւ երբ անցնենք խորհրդարանական կառավարման մոդելին, ապա ժողովրդավարությունը սկսելու է աշխատել մեր երկրում, քանի որ «ամեն ինչ որոշում է մեկը» սկզբունքը փոխարինվելու է «ամեն ինչ որոշում են բոլորը» սկզբունքով: Բայց ովքե՞ր են այդ բոլորը, ավելի ճիշտ՝ մենք կարո՞ղ ենք պատկերացնել, որ Հանրապետական կուսակցությունը հաջորդ խորհրդարանում մեծամասնություն չի կազմելու: Պատկերացնել, թերեւս, կարող ենք, բայց միայն պատկերացնել: Ուրեմն ինչո՞ւ կամ ինչի՞ն կողմ լինել, ավելի ճիշտ` ի՞նչը պետք է փոխվի: Երբ դուք կողմ եք սահմանադրական փոփոխություններին եւ ձեր մեջ ծնվում են այս հարցադրումները սկսում եք մտածել, որ գուցե նրանք, ովքեր դեմ են, ճի՞շտ են: Սրանում, կրկնում եմ, չեք համոզվում, այլ մտածում եք:
Արդյունքում՝ ի՞նչ է պարզվում` ամենակարեւորը: Այն, որ նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, ամենեւեին էլ կողմ ասողների թշնամիները չեն, եւ հակառակը՝ նրանք, ովքեր կողմ են փոփոխություններին, «դեմ եմ»-ների թշնամիները չեն, ինչը նշանակում է, որ այս գործում թշնամիներ չկան, համենայն դեպս, չպետք է լինեն:
Հովիկ Աֆյան