կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 20:30
Հասարակություն

Մեծահասակների հանդեպ հոգատարություն հատկապես ցրտաշունչ օրերին

Մեծահասակների հանդեպ հոգատարություն հատկապես ցրտաշունչ օրերին

Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն սահմանելու ևս մեկ առիթ է:

Ինչպես հայտնի է տարիքին զուգահեռ մեծանում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների հավանականությունը: Օրգանիզմում նյութափոխանակության ռեակցիաների, օգտակար նյութերի, վիտամինների ներծծման դանդաղումը հանգեցնում է կալցիումի պակասի: Այսպիսով փխրուն դարձած ոսկրերի պարագայում մեծանում է կոտրվածքներ ստանալու ռիսկը: Խորհուրդ է տրվում մեծահասակների համար քիչ առիթ ու հնարավորություն ստեղծել տանից մենակ դուրս գալու համար: Միևնույն ժամանակ, կարճատև զբոսանքները խրախուսելի են:

Պարզապես կարևոր է պահպանել հիգիենայի կանոնները, ապահովել պատշաճ ձմեռային հագուստ՝ կանխարգելելու սուր շնչառական վարակներով հիվանդացությունը: Տարեցների մեծամասնությունն ունի որևէ քրոնիկական հիվանդություն, ինչպես նաև ցածր դիմադրողականություն: Իսկ սուր շնչառական հիվանդություններն ու գրիպն առավել նկատելի բարդություններ կարող են ունենալ:

Ինչպես բազմիցս նշում են մասնագետները, ձմեռը դեպրեսիաների արտահայտման «լավագույն» ժամանակահատվածն է, ինչից անմասն չեն նաև մեծահասակները: Այս առումով կարևոր է ապահովել նաև մեծահասակների հոգեբանական հանգստությունը, առավել հաճախ ընկերակցել նրանց, լսել, հոգատարություն ցուցաբերել: Հակառակ պարագայում նրանց մոտ զարգացած դեպրեսիվ վիճակը կարող է և առավել երկարատև լինել, քան երիտասարդների շրջանում:

Սննդակարգը ևս կարևոր նշանակություն ունի մեծահասակների ձմեռային առողջ կենսակերպում: Մասնագետները խորհուրդ են տալիս ապահովել սպիտակուցներով, ճարպերով ու ածխաջրերով հարուստ, հավասարակշռված սննդակարգ: Իսկ հատուկ սահմանափակումներ ապահովել միայն բժշկական ցուցումներից ելնելով: