կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-16 17:06
Իրավական

Պերմյակովը միայնա՞կ է եղել. ստի դետեկտորը հաստատում է

Պերմյակովը միայնա՞կ է եղել. ստի դետեկտորը հաստատում է

Ռուսական կողմն Ավետիսյանների սպանության գործը քննելիս դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննություն է իրականացրել, այլ կերպ ասած՝ պոլիգրաֆ կամ ստի դետեկտոր է կիրառել: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում այն չի գործածվում, այդ իսկ պատճառով դրա արդյունքները որպես ապացույց չեն օգտագործվում:

Նկարագրելով փորձաքննության անցկացման կարգը՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ փորձաքննվողին հարցեր են տրվում, շնչառական, մաշկի և այլ հակաազդակներ գրանցվում են համակարգչում, համապատասխան մեթոդներով մասնագետը պարզում է, թե որ հարցին որքանով է ճիշտ պատասխանել փորձաքննվողը, տեղեկություն թաքցրե՞լ է, թե՞ ոչ:

Փաստաբանի խոսքով՝ այս դեպքում ստի դետեկտորի միջոցով պարզվել են ոչ թե այն, ինչ է իրականում տեղի ունեցել, այլ՝ ինչ է տեղի ունեցել՝ ըստ Վալերի Պերմյակովի պատկերացումների: Պոլիգրաֆի եզրակացությամբ նշվել է, որ դեպքի վերաբերյալ էական հանգամանքների մասին հարցեր տալիս նրա մոտ ակնհայտ դրսևորված հակաազդակներ են ի հայտ գալիս:

«Ըստ էության՝ նա նշել է, որ ինքն է կատարել հանցագործությունը: Այսինքն՝ նրա մոտ կան պատկերացումներ, որ ինքը մտել է այդ տուն և սպանել է այդ ընտանիքի բոլոր անդամներին»,- ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանն ասաց, որ, երբ Պերմյակովին հարցրել են՝ արդյոք, ինքը միայնա՞կ է եղել, ազդակներ են գրանցվել, որ ինքը տեղեկությունների է տիրապետում, որ միայնակ է կատարել հանցագործությունը:

Հարցի վերաբերյալ՝ արդյո՞ք Վալերի Պերմյակովը նպատակային է գնացել հենց Ավետիսյանների տուն, թե՞ պատահական է տունն ընտրվել, պոլիգրաֆի հետազոտությամբ պարզվել է, որ մինչև Ավետիսյաննրի տուն մտնելը նա փորձել է մտնել այլ տներ ևս, փորձել է բացել դռները, սակայն չի հաջողվել, և, քանի որ Ավետիսյանների տան դարպասը բաց է եղել, մտել է նրանց տուն:

Ըստ պոլիգրաֆի՝ արժանահավատ է համարվել այն, որ Վալերի Պերմյակովը մտել է ներս, և երբ լույսն ընկել է աղջկա դեմքին, նա անակնկալ արթնացել է, գոռացել, նրա մոտ հանկարծակի, իրադրությունից բխող գործողություններ են եղել` նա կրակել է: