կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-12 15:56
Տնտեսական

Խաղողի մթերման շուրջ ստեղծված իրավիճակի համար ՀՀԿ-ական մեղադրում է նաև գյուղացիներին

Խաղողի մթերման շուրջ ստեղծված իրավիճակի համար ՀՀԿ-ական մեղադրում է նաև գյուղացիներին

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական գործարար Ալիկ Պետրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց խաղողի մթերման շուրջ ստեղծված իրավիճակի ու բարիք ստեղծելու մասին: 

Նա նախ քննադատեց այն մարդկանց, ովքեր իրենց կյանքում անգամ մեկ աշխատատեղ չեն ստեղծել, բայց կարող են, բազմոցին նստած, քննադատել նրանց, ովքեր 100-200 աշխատատեղ են ստեղծել իրենց քրտինքով, իրենց ռիսկով և  ընտանիքներ են պահում:

«Դա նորմա՞լ է, դա ավելի վատ բան է, քան կաշառակերությունը: Մարդը ոչ մի բանի ընդունակ չէ, հասարակության համար էլ ոչ մի բարիք չի ստեղծել ու շատ հանգիստ ժամերով կարող է քննադատել բարիք ստեղծողներին»,- ասաց Ալիկ Պետրոսյանը` խոստովանելով, որ բարիք ստեղծելու դինամիկան էլ Հայաստանում նվազել է, հիմնականում` Ռուսաստանում ռուբլու արժեզրկման պատճառով:

«Վերջիվերջո, աշխարհի բոլոր երկրներում 2 անգամ 2 հավասար է 4-ի, բայց  մենք ուզում ենք ապացուցել, որ Հայաստանում այն կարող է հավասար լինել 5-ի՞: Տնտեսական կուրսը փոխելու գործում եթե 10 տոկոսը կախված է կառավարությունից, ապա 90 տոկոսը կախված է միջազգային իրավիճակից»,- ասաց պատգամավորը: 

Մեր հարցին` ինչո՞ւ, այնուամենայնիվ, առաջացավ խաղողի մթերման խնդիր, և ինչպե՞ս պետք է այդ խնդիրը լուծել, Ալիկ Պետրոսյանը պատասխանեց, որ ամիսներ առաջ եղել են մթերող գործարաններ, որ խոստացել են ընդունել խաղողը, բայց եկել է օրը ու չեն վերցրել: Նրա խոսքով` ավելի արդարացի կլիներ, որ ամիսներ առաջ  գործարանները չխոստանային, որ անպայման մթերելու են խաղողը: Պատգամավորը ստեղծված իրավիճակում տեսնում է նաև որոշ գյուղացիների մեղքը:

«Գյուղացիների մեծ մասը, ովքեր բողոքում են, որ իրենց խաղողը չի մթերվում, պայմանագրեր չունեն մթերողների հետ, ավելի ճիշտ` ժամանակին չեն կնքել: Ուրեմն ինչո՞ւ գյուղացիները պայմանագիր չեն կապել, այդ դեպքում գործարանները իրավունք չէին ունենա խաղողը չվերցնելու»,- ասաց Ալիկ Պետրոսյանը` հավելելով, որ չկա գյուղացի, ով պայմանագիր է կնքել մթերող ընկերության հետ, բայց նրանից չեն վերցրել խաղող:

«Նույնը` վարունգի պարագայում, արտադրելուց առաջ թող հետաքրքրվեին, հնարավորություն ունենալո՞ւ են իրացնել իրենց վարունգը: Հույսները ո՞ւմ վրա են դրել: Գյուղացիները չեն կնքում պայմանագրեր, չեն սիրում պայմանագրեր կապել, հետո կանգնում են փաստի առաջ»,- ասաց պատգամավորը: