կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 11:54
Հասարակություն

Վաղը գյուղնախարարը կհայտնի` ինչպես են կարգավորելու խաղողի մթերման հարցը

Վաղը գյուղնախարարը կհայտնի` ինչպես են կարգավորելու խաղողի մթերման հարցը

Վաղը նորանշանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով կմեկնի  Վայոց ձորի մարզ` խաղողի մթերման հարցը կարգավորելու: Այս մասին նախարարը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Նա տեղեկացրեց նաև, որ հենց այնտեղ էլ կներկայացնի, թե ինչ լուծում են տալու հարցին, որպեսզի խաղողը չմնա գյուղացու մոտ, իսկ վերամշակողին ձեռնտու լինի խաղողի մթերումը:

«Մի\' անհանգստացեք, հարցին լուծում կտրվի: Ընդհանրապես, պետք է հասկանանք, որ խաղողագործությունը պետք է լինի խաղող արտադրողի և վերամշակողի հարաբերությունը, չի կարելի բոլոր հարցերը դնել պետության վրա, պետությունը կարգավորիչ դեր է տանում այդ ամենը մեջ: Մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ այդ երկու սուբյեկտը կարողանան միասին աշխատել: Ամեն անգամ չի կարող լինել այնպես, որ վերամշակողը սնանկանա, արտադրողն էլ ուզենա իր խաղողից մի կերպ պրծնել: Ամեն ինչ պետք է համահունչ լինի»,- ասաց նախարարը:

Առաքելյանը նշեց նաև, որ նախարարությունը հիմա աշխատում է ուղղությամբ, ընդ որում` երկար աշխատանք է, ոչ մեկ օրվա ու մեկ տարվա:

«Անցած տարի, բնակլիմայական պայմաններից ելնելով, բերքի քանակը շատ էր, այս տարի ավելի նվազ է: Բացի դրանից` կարկտահարություն եղավ, և բերքը նորից նվազեց, ուստի այս տարի չի լինի այդ կարգի դժվար վիճակ, ինչպես անցած տարի էր: Գյուղացին պետք է մտածի ինքնարժեքի մասին, և եթե վերամշակողը պատրաստ չէ այդ գինը տալ, պետք է հարցին այլ լուծում տրվի: Մեր` գյուղնախարարության դերն է օգնել գյուղացուն` օպտիմիզացնել ինքնարժեքը: Մենք ունենք ինքնարժեքի հաշվարկներ, պետք է հասկանանք` ինչպե՞ս անել,  որպեսզի ինքնարժեքը նվազի, և գյուղացին խաղողն իրացնի»,- ասաց նախարարը: