կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 16:50
Տնտեսական

ԲՀԿ-ական պատգամավորը խաղողի դժվար մթերման համար մեղադրում է կառավարությանը

ԲՀԿ-ական պատգամավորը խաղողի դժվար մթերման համար մեղադրում է կառավարությանը

Գյուղատնտեսության ոլորտի մասնագետ, ԲՀԿ-ական Արմեն Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղողի մթերման խնդիրներին:

«Ժամանակին նրանք շատ լավ էլ գիտեին, որ սպասվածից ավելի բերք է լինելու` մոտ քառասուն տոկոսի չափով: Անգամ զեկուցել էին իրենց հայտարարությունների մեջ: Ընդամենը կազմակերպչական մոտեցումները պետք է ճիշտ ցուցաբերվեին, և պետք չէ մոռանալ մեկ այլ հանգմանք, որ մեզ մոտ մասնավոր ընկերություններն են խաղող մթերում, և պետք է նրանց տեսանկյունից նայել, որովհետև նրանք չեն ունեցել իրացում և ամիսներ շարունակ պնդում էին, որ չկա իրացում, որը կապված էր ՌԴ-ում տեղի ունեցած ինֆլյացիայի հետ: Կոնյակը, սպիրտը չէին վաճառվում, և մարդիկ անգամ ձմեռվա ընթացքում արդեն արձանագրում էին, որ նման խնդիր լինելու է»,- ասաց Ավետիսյանը:

Դիտարկմանը, թե, փաստորեն, կառավարությունը գիտեր դրա մասին և որևէ քայլ չի արել, նա պատասխանեց. «Իհարկե, դա գաղտնիք չէ որևէ մեկի համար»:

Խոսելով արտոնյալ վարկերի տրամադրման մասին` Ավետիսյանն ասաց, որ մի այլ բան է արտոնյալ վարկեր տրամադրելը, մեկ այլ բան է, երբ կա տարողության խնդիր: «Եթե անգամ արտոնյալ վարկեր տրամադրվեին, տարաները, որ չէին դատարկվել, այդ որտե՞ղ պետք է լցվեին խաղողները: Կային բազմաթիվ լուծումներ, և իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, բայց այս պահի դրությամբ լուծումը այն է, որ պետք է հորդորել տեղական մթերողներին, որ իրենց լրացուցիչ ռեզերվներն էլ օգտագործեն: Մի բան է, որ նրանք ամիսներ հետո կարող են վճարել, բայց բոլորովին այլ բան է, երբ խաղողը չորանում է վազի վրա»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով`խաղողի մթերումն ընդհանրապես ուշ է սկսվել: «Այս տարի եղանակը բարենպաստ էր, շոգ էր, և խաղողը շուտ էր հասունացել, կարելի էր տասը օր շուտ սկսել մթերումը, որ այս խուճապը չլիներ»,- ասաց պատգամավորը: