կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 14:35
Տնտեսական

Տնտեսական քաղաքականության կուրսը որոշ փոփոխություններ կկրի. Կարեն Ճշմարիտյան

Տնտեսական քաղաքականության կուրսը որոշ փոփոխություններ կկրի. Կարեն Ճշմարիտյան

Այսօր' հայ խոշոր գործարարների հետ կառավարության նախաձեռնած գործարար համաժողովից հետո, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին հայտնեց, որ համաժողովը, ընդհանուր առմամբ, նպատակ ուներ, որ երկրի խոշոր արտադրողները, սպառողները, ընդհանրապես` բոլորը տեղյակ լինեն կառավարության հետագա ծրագրերից: Թե ինչպիսին կլինեն այդ ծրագրերը, ըստ նախարարի, հայտնի կլինի, երբ կառավարությունը դրանք ներկայացնի ԱԺ:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե նախկինում նույնպես եղել են նախաձեռնություններ ու կոչեր' Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես զարգացնելու վերաբերյալ, եւ բազմաթիվ, այդ թվում` նաեւ արտասահմանում գործող հայ գործարարներ անմիջապես արձագանքել են ու խոստացել ներդրումներ անել Հայաստանում, բայց հետո չեն կատարել իրենց խոստումը, ուստի ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ ամեն ինչ նորմալ ընթացք կունենա, եւ խոստումներից ու պայմանավորվածություններից անցում կլինի գործուն քայլերի, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, թե այդ երաշխիքները գալիս են հետեւողական աշխատանքով, ծրագրերով, կոնկրետ ներդրումային ծրագրերին աջակցելով, ներդրում անողի համար ճիշտ շարժառիթներ ստեղծելու միջոցով:

 

«Այսինքն' էական չէ' դա 100 միլիոն դոլար է, թե 100 հազար դրամ է: Այնուամենայնիվ, դա պետք է շարժառիթ լինի, հատկապես` բիզնեսի համար: Եթե շարժառիթ չկա, ապա ներդրումներ չեն լինի: Իսկ դա ներդրումային լավագույն միջավայրն է, ներդրողի համար լավագույն պայմաններն են, որ կան, որ կառավարությունն իր իրավասությունների շրջանակներում կարող է տրամադրել: Սա ընդհանուր գաղափարախոսությունն էր»,- նշեց Կարեն Ճշմարիտյանը:

 

Տնտեսական քաղաքականության ուղեգիծը, ըստ նրա, նույնպես որոշակի փոփոխություն կունենա: Ընդհանուր առմամբ, այն ուղղված է լինելու ավելի լիբերալ լինելուն, գործարարին ավելի մոտ կանգնելուն, ավելի վստահելի մթնոլորտ ստեղծելուն բոլոր շերտերի համար' անկախ դրանց չափերից: