կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 17:08
Արցախ

Առաջնագծում չծառայելը «զապադլո» է դարձել հայ զինվորների համար

Առաջնագծում չծառայելը  «զապադլո» է դարձել հայ զինվորների համար

Արցախյան ազատամարտի մասնակից, արցախյան շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսեց Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և հայկական բանակի մասին:

Ազատամարտիկը նախ տարակուսեց, որ անընդհատ շեշտվում է, թե Ադրբեջանը կիրառում է թուրքական զինատեսակներ, սակայն պետք է շեշտվի նաև Ադրբեջանից կրակող ռուսական զենքի մասին: Փաստն այն է, որ 4-5 միլիարդ դոլարի ռուսական զենք ունի Ադրբեջանը:

Մեր հարցին` ստացվում է, որ ազատամարտիկը հոռետեսական կանխատեսումնե՞ր ունի ապագա զարգացումների վերաբերյալ, Գագիկ Ավանեսյանըպատասխանեց. «Ոչ, ես հոռետեսական չեմ նայում: Ես որ մեր բանակի երիտասարդներին նայում եմ, ոնց են իրենք տրամադրված, ինչ ոգեղեն են, երբ զրուցում եմ այդ երիտասարդների հետ, ուղղակի հաճելիորեն զարմանում եմ: Նրանց աչքերը ուղղակի փայլում են, ու ես հիշում եմ մեզ` 1992-1993-ին, ոնց էինք մենք խանդավառված, թեև մենք այդ ժամանակ այդքան երիտասարդ չէինք: Ես մոտ 30 տարեկան էի, որ մեկնեցի ռազմաճակատ: Այս վերջին 2-3 տարիներին մի շատ հետաքրքիր ու շատ լավ բան է կատարվում մեր հայ տղերքի հոգում: Այնքան զարմանալի ու ողջունելի երևույթ է, որ ուզում են անպայման առաջին գծում ծառայել: Հիմա հետևում մնալը, դիրքեր չբարձրանալը հայ տղերքի համար համարվում է «զապադլո»: Շատերին գիտեմ, որ ծանոթ ունեին, «թիկունք» ունեին, որ կարող էին չգնալ առաջին գիծ, գնալ ավելի «տաք տեղ»` ծառայելու, բայց նրանք հրաժարվում են, համառում են և ձգտում առաջին գիծ գնալ, այնինչ` մոտ մի 10-15 տարի առաջ հակառակ պրոցեսն էր կատարվում: Մեր բանակը պատրաստ է ամեն խնդիր լուծել: Եվ ասեմ, որ ազերիները դա լավ գիտեն ու զուսպ են մնալու և չեն դիմելու ռազմական գործողությունների»,- ասաց ազատամարտիկը:

Ինչ վերաբերում է ապագայում Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման հնարավորությանը, Գագիկ Ավանեսյանը նշեց. «Նրանք մեծ ցանկություն ունեն իրենց խաղաղապահներին տեղակայելու, իսկ մենք այդ ցանկությունը չունենք, անձամբ ես դեմ եմ դրան: Մենք` կռվողներս, որ տեսել ենք ռուսների արածը, նկատի ունեմ` խաղաղապահը, միևնույն է, պաշտպանելու է իր երկրի շահերը, և ինչ հրաման ստանան, այդպես էլ իրեն պահելու է: Մենք պահում ենք մեր երկիրը ու շատ էլ լավ ենք պահում»: