Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության դեմ հանդես եկող հասարակական-քաղաքական շրջանակները բյուրեղացան «Ոչ»-ի երկու ճակատներում: Դրանցից մեկը ձևավորվեց «Հանրային փրկության ճակատ», մյուսը` «Չեք անցկացնի»` խիստ հավակնոտ անվանումներով նախաձեռնությունների ֆորմատներում: Երկու ճակատով հանդես գալը բացարձակապես մարտավարական հնարամտության արդյունք չէ, որ սովորաբար կիրառվում է հակառակորդի ռեսուրսները ջլատելու նպատակով: Դրա պատճառը պարզապես այն է, որ երկու ճակատները հետապնդում են իրարից սկզբունքորեն տարբերվող նպատակներ:
«Փրկության ճակատն» իր առջև դրել է սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության դեմ պայքարը իշխանափոխության պրոցեսի վերածելու նպատակ: Այսինքն` բուն փոփոխությունները նրանց համար պարզապես ցատկահարթակի դեր են կատարում: «Չեք անցկացնի» նախաձեռնության շուրջ մեկտեղվող ուժերի նպատակը բուն սահմանադրական փոփոխությունները վիժեցնելն է կամ, որ նույնն է, գործող Սահմանադրության պահպանմանը հասնելը:
Ձևավորված երկու ճակատներն էլ հանրային ընկալման և աջակցության հասնելու տեսանկյունից ունեն լուրջ խնդիրներ: «Հանրային փրկիչները» պետք է բացատրեն, թե ինչպես են պատրաստվում սահմանադրական փոփոխությունների այս նախաձեռնությունը դարձնել Սերժ Սարգսյանին հեռացնելու միջոց և ինչով են տարբերվելու այդ «սառույցի» վրա նախկինում հազար անգամ սայթաքած ուժերից: Եթե խնդիրը իշխանափոխությունն է, այլ ոչ թե սահմանադրության փոփոխությունը, ապա ինչո՞ւ «Փրկության ճակատի» ուժերը որոշեցին ստորագրել «Չեք անցկացնի» նախաձեռնության մշակած այն հայտարարության տակ, որով փաստացի չեզոքացման թիրախ է հռչակվում սահմանադրական փոփոխությունների քննարկվող նախագիծը: Ինչո՞ւ նրանք չեն ձեռնարկում Սերժ Սարգսյանի հեռացման պրոցեսը` անկախ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության արդյունքներից: Կամ` ենթադրենք` նրանց հաջողվում է տապալել հանրաքվեն, և ներկայիս Հիմնական օրենքը շարունակում է գործել, դա նշանակելու է, որ «փրկիչները» հասե՞լ են իրենց նպատակին...
Իր հերթին, «Չեք անցկացնի» նախաձեռնությունը պետք է բացաատրի, թե կոնկրետ ինչի՞ն է դեմ և ինչո՞ւ: Հայտնի է, որ առանցքային հիմնավորումն այն է, թե Սահմանադրությունը փոխելու նպատակը կա\'մ Սերժ Սարգսյանի, կա\'մ ՀՀԿ-ի իշխանության հավերժացումն է, առնվազն` գործող իշխանության վերարտադրումը: Հետևաբար, պետք է նախևառաջ հիմնավոր բացատրել, թե առաջարկվող Սահմանադրության ո՞ր մեխանիզմով է դա իրականացվելու: Երկրորդ` արդյո՞ք երաշխավորում են, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումը հաջողությամբ տապալելու դեպքում գործող իշխանությունը չի վերարտադրվելու, և ապագա համապետական ընտրությունների միջոցով հաջողվելու է ազատվել ՀՀԿ-ի «միապետությունից»:
Երկու ճակատներից ոչ մեկը չգիտի` այս նախաձեռնությամբ ինչ խնդիր է ուզում լուծել Սերժ Սարգսյանը: Արդյո՞ք Սահմանադրությունը փոփոխելու այս նախաձեռնությունը իշխանության համար փրկության կամ վերարտադրության միակ տարբերակն է: Նրանք առայժմ իրենց ռազմավարությունը կառուցում են զուտ այն համոզման վրա, որ Սերժ Սարգսյանը և նրա վարչակարգը հրաժարվել են գործող Սահմանադրությամբ այդ խնդիրը լուծելու տարբերակից:
Մինչդեռ նման կերպ մտածելու հիմք չկա: Սերժ Սարգսյանը երբեք չի հայտարարել, որ Սահմանադրական այս փոփոխություններն իր կյանքի նպատակն են: Շախմատիստի հոգեբանությամբ առաջնորդվող այնպիսի ֆիգուր, ինչպիսին Սերժ Սարգսյանն է, երբեք չի գործում առանց պահեստային քայլ ունենալու: Պատահական չպետք է համարել, որ նախորդ ամիսներին մի քանի անգամ նա հայտարարել է, որ անձամբ իր համար գործող Սահմանադրությունն ավելի նախընտրելի է, իսկ փոփոխություններին գնում է մասնագիտական խորհրդի կողմից դրա անհրաժեշտությունը հիմնավորելու պատճառով: Հետևաբար, պահետային քայլը կարող է լինել հենց գործող Սահմանադրության միջոցով իշխանությունը ՀՀԿ-ին թողնելու օպերացիայի իրականացումը:
Ակնհայտ է, որ փոփոխությունների այս նախաձեռնության հնարավոր տապալումը իշխանությունը կարող է դարձնել իրական վերարտադրության լեգիտիմացման միջոց: Հանրաքվեի բացասական արդյունքը մատուցվելու է ոչ միայն որպես իշխանության լոյալության և հարմարվողականության, այլև որպես գործող ընտրական համակարգի արդյունավետության հավաստիք` այն իմաստով, որ հանրաքվեն արտացոլում է հասարակության մեծամասության կարծիքը, և իշխանությունն ընդունում է դա: Այստեղից բխեցվելու է հաջորդ տրամաբանական հետևությունը` եթե գործող ընտրական համակարգն ի զորու է ապահովել ժողովրդավարության և թափանցիկության կանոններին համապատասխանող հանրաքվեի արդյունքներ, ապա ինչպե՞ս և ինչո՞ւ չի կարելի վստահել այդ համակարգի միջոցով անցկացվող համապետական ընտրությունների արդյունքներին:
Պետք է նկատի ունենալ, որ եթե Սահմանադրության ներկայացվող նախագիծը չընդունվի, իշխանությունը երբեք չի գնալու իր վերարտադրությունը լիարժեքորեն ապահովող ընտրական համակարգի, այսինքն` Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Մինչդեռ` վերարտադրման մեխանիզմի գաղտնիքը թաքնված է հենց այնտեղ:
Սա նշանակում է, որ, անկախ իրենց կամքից, «Ոչ»-ի ճակատները կարող են ոչ թե թուլացնել իշխանության դիրքերը, այլև հող նախապատրաստել իշխանության իրական վերարտադրության համար: Այս առումով` որևէ նշանակություն չի ունենալու նույնիսկ այն հանգամանքը, որ, լինելով սկզբունքորեն տարբեր խնդիրների դաշտերում, այդ ճակատները գործելու են նաև իրար դեմ` ջլատելով ոչ թե մոնոլիտ իշխանության, այլ հենց ընդհանուր դիմադրության ճամբարի ներուժը:
Գևորգ Աղաբաբյան