կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 14:15
Հասարակություն

Արման Սահակյանը դեմ չէ, որ տրանսպորտի նախարարության շենքում հյուրանոց լինի

Արման Սահակյանը դեմ չէ, որ տրանսպորտի նախարարության շենքում հյուրանոց լինի

Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները, որից հետո պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

Հարցին՝ հնարավո՞ր է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին իշխանությունները ստիպեն գնել Դիլիջանի  ուսումնական կենտրոնը՝հաշվի առբելով այն հանգամանքը, որ շատ են այդ մասին խոսակցությունները,Արման Սահակյանը նախ պատասխանեց, որ մեր երկրում ստիպողավար որևէ բան չի արվում, ապա հայտարարեց, որ նման քաղաքական որոշում չկա: Սահակյանի խոսքով՝Դիլիջանի  ուսումնական կենտրոնի գնման և հանձնման աշխատանքներն ընթացքի մեջ են:  «Կընդունենք ՊԵԿ-ից, բոլոր տարբերակները քննարկելի են՝ վարձակալությունը, հավատարմագրային կառավարումը և գույքի օտարումը, բոլոր դեպքերում մինչև լուծում ստանալը պետությունը որևէ լումա չի կորցնի: Գնորդ կամ վարձակալող այս պահին չկա, պետությունն այդ գործարքից չի տուժի երբէ»,- վստահեցրեց Սահակյանը:

Խոսելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքից, Սահակյանն ընդգծեց, որ 28 միլիոն դոլար մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայացել, քանի որ գնորդ չկա այս պահին:  Արման Սահակյանն ասաց նաև, որ շենքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ չեն լինի  և հնարավոր գնորդի համար ֆիքսված են կետեր, որոնց մեջ է մտնում նաև հենց այդ հանգամանքը:  Նրա խոսքով՝ ցանկալի է, որ Հանրապետության հրապարակը վերածվի զբոսաշրջային կենտրոնի, իսկ շենքի հավանական գնորդների մասով էլ ցանկալի կլինի, որ, պահպանելով շենքի արտաքին տեսքը, կառուցվի հյուրանոցային համալիր:

Արման Սահակյանն անդրադարձավ նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը:  «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեմ»,- ասաց նա: