կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 18:25
Առանց Կատեգորիա

Տապալում` Դուշանբեում. ՀԱՊԿ-ի համար ԼՂ հիմնահարց գոյություն չունի

Տապալում` Դուշանբեում. ՀԱՊԿ-ի համար ԼՂ հիմնահարց գոյություն չունի

Դուշանբեում ավարտվեց ՀԱՊԿ  Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Թեև գագաթաժողովն առավելապես ուղղված էր կազմակերպության նախորդ տարվա գործունեության արդյունքների ամփոփմանը, սակայն Հայաստանի համար հանգուցային նշանակություն ուներ:

Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հավաստիացրել էր, որ պատրաստվում է Դուշանբեում բարձրացնել հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում տիրող լարվածության հարցը: Այս հայտարարությունը հույս էր ներշնչել, որ պաշտոնական Երևանը, ի վերջո, որոշել է ՀԱՊԿ-ում սրել Հայաստանի նկատմամբ կազմակերպության պարտավորությունների հարցը և այն, իբրև ընդհանուր մարտահրավեր, դարձնել ՀԱՊԿ-ի օրակարգի խնդիր: Փաստացի, Դուշանբեի գագաթաժողովը պետք է պատասխաներ այն հարցին, թե որքանով է դա հաջողվել Երևանին, նաև` Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիվ ռազմական գործողությունների համատեքստում որքանով կարելի է վստահել այդ կազմակերպությանը` որպես Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային բաղկացուցիչ:

Գագաթաժողովից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այդ հարցն իսկապես Դուշանբեում բարձրացրել է: «Ես ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ եմ պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ շեշտը դնելով  հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի զգալի սպառնալիքի վրա։  Չեմ ուզում դարձյալ կանգ առնել այդ հարցի վրա, միայն կընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղված` ադրբեջանական փորձերը միջազգային հանրության ադեկվատ արձագանքի բացակայության պարագայում հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»,- ասել է նա: Սակայն դա, ըստ էության ՀԱՊԿ-ի որդեգրած կրավորական դիրքորոշման վրա գործնական որևէ ազդեցություն չի ունեցել:

Հարցը միայն այն չէ, թե ինչու էր նախագահն ընդամենը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին զուտ տեղեկացնելու խնդիր դրել: Չի բացառվում, որ նա ավելի սուր է դրել հարցը: Սակայն խնդիրը ներկայացվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով նստաշրջանին նախորդած` նախագահների փակ հանդիպման ժամանակ: Այսինքն` Սերժ Սարգսյանի արած շեշտադրումների, դրան նախագահների արձագանքների մասին լայն հասարակայնությունն այդպես էլ չի իմանա: Օրինակ` որևէ մեկը չի կարող ասել` արդյո՞ք Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ի պատասխան Սերժ Սարգսյանի «իրազեկման», կրկին չի ընթերցել «Ադրբեջանի իր ընկերոջ»` Իլհամ Ալիևի հերթական նամակը, որը վերջինս նրան կարող էր փոխանցած լիներ ՀԱՊԿ այս գագաթաժողովին նախորդած` Աստանայում անցկացված թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթաժողովի ընթացքում:

Փաստն այն է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից որևէ մեկի, ինչպես նաև կազմակերպության մակարդակով  հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին որևէ անդրադարձ, որևէ գնահատական չի եղել: Նստաշրջանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված պաշտոնական հաղորդագրության, ինչպես նաև  նստաշրջանի արդյունքների վերաբերյալ նախագահների ընդունած հայտարարության բովանդակությունից կարելի է այնպիսի տպավորություն ստանալ, որ ոչ միայն Հայաստանի սահմանների նկատմամբ վերջին շրջանում որևէ ագրեսիա չի եղել, այլև` որ ՀԱՊԿ-ի համար ղարաբաղյան սրված հարց գոյություն չունի` առհասարակ:

Բանն այն է, որ ՀԱՊԿ-ն արձագանքել է վերջին շրջանում միջազգային հնչեղություն ունեցած բոլոր այն հակամարտություններին ու խնդիրներին, որոնք սահմանակցում են ՀԱՊԿ-ի վերահսկողության տակ գտնվող տարածաշրջաններին` սկսած Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում «Իսլամական պետության» ծավալած ահաբեկչական գործունեությանը և բռնություններին հակազդելուց, ընդհուպ մինչև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների ձեռքբերումը: Սակայն դրանց թվում ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի խնդիրը պարզապես չկա, և սա` նախագահ Սարգսյանի կողմից հարցը բարձրացնելու պայմաններում:

Ավելին` նախագահների համատեղ հայտարարության մեջ, ոչ ավելի, ոչ պակաս, նշվում է, թե անդամ երկրների նախագահներն ակտիվորեն հանդես են գալիս... «սպառազինման մրցավազքի կանխարգելման օգտին»: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ ՀԱՊԿ-ի առանցքային դերակատար հանդիսացող Ռուսաստանը պաշտոնապես հաստատեց Ադրբեջանից ժամանակակից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման պատվեր ստանալու մասին: Հետո է միայն հասկանալի դառնում, որ այս ձևակերպումը հայտարարության մեջ տեղ է գտել ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման նախաձեռնության դեմ, այսինքն` բխում է Ռուսաստանի շահերից: Հայտարարության մեջ նման ձևակերպումները ցույց են տալիս, որ կա\'մ Հայաստանի պնդումներ բանի տեղ չեն դրվում, կա\'մ պարզապես կազմակերպությունում համառորեն ուզում են կույր ձևանալ Հայաստանի անվտանգության սպառնալիքների նկատմամբ:

Թվում է, թե նման իրավիճակում Երևանի դիրքորոշումը պետք է ավելի արմատական դառնար, քանի որ նման վերաբերմունքի պարագայում ՀԱՊԿ-ին անդամակցությունը դառնում է ոչ թե ինքնանպատակ, այլև նույնիսկ վնասակար: Ի վերջո, կոնկրետ պարտավորություններով կաշկանդված մնալով իր շահերը բացարձակապես անտեսող երկրների հանդեպ, Հայաստանը չի ստանում որևէ գործնական, նույնիսկ` հոգեբանական դիվիդենդ:

Մինչդեռ ՀՀ նախագահը Դուշանբեի գագաթաժողովի արդյունքներն ամփոփելիս հայտարարում է. «Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով»: Թե նման վերաբերմունքի պայմաններում կոնկրետ ի՞նչն է բավարարում Երևանին, մնում է անհասկանալի:

Կարելի է ասել, որ Երևանը տապալել է Դուշանբեի գագաթաժողովի միջոցով ՀԱՊԿ-ին «ուշքի բերելու»` իր մարտավարական խնդիրը: Ավելի ու ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, որ այդ կազմակերպության դերակատարությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում զուտ ֆորմալ բնույթ ունի, և դրա անդամ երկրների մեծ մասը ոչ միայն  Հայաստանի շահերի հետ զուգահեռվող հետաքրքրություններ չունի, այլև գործում է նրա շահերի դեմ: Նման պայմաններում առնվազն պետք է բացատրել, թե ինչո՞ւ պետք է հայ զինվորները սեփական կյանքի գնով ՀԱՊԿ ԱԱԿՈՒ շրջանակներում Տաջիկստանը պաշտպանեն Աֆղանստանից ծայրահեղ իսլամականների հնարավոր ներխուժումից, եթե այդ կազակերպությունն ի զորու չէ անգամ Հայաստանին սպառնացող արտաքին վտանգը զսպելու նպատակով հերթապահ քաղաքական հայտարարություն անել:

Գևորգ Աղաբաբյան