կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 14:51
Հասարակություն

Ահարոն Ադիբեկյանը հույսեր է կապում նորանշանակ վարչապետի հետ

Ահարոն Ադիբեկյանը հույսեր է կապում նորանշանակ վարչապետի հետ

Հայաստանը դարձել է  առևտրականի, ֆերմերի երկիր. խոսելով 25 անկախ տարիների ձեռքբերումների և այս տարիների ժողովրդագրության մասին՝ լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյյանը։

«ԽՍՀՄ-ի փլուզումը տարբեր հետևանքներ ունեցավ 15 հանրապետությունների համար, և ով հեռատես էր, չշտապեց կապերը կտրել Ռուսաստանի հետ։ Հայաստանը ինտեգրված էր Սովետական միությանը. մեր արդյունաբերության 90 տոկոսը միութենական ստորադասության էր, և եթե միությունը փլվում է, այդ գործարանը այլևս չի գործում։ Կանգնեցին հազարավոր գործարաններ, ունեինք 19 գիտաարտադրական միավորումներ, 250 ռազմաարդյունաբերական գործարաններ, այդ ամենը փակվեց։ Մենք ստացանք գործազուրկ դարձած պրոֆեսիոնալ աշխատակիցների մի մեծ բանակ` մեկուկես միլիոն մարդ դարձավ գործազուրկ»,- ասաց սոցիոլոգը։

Ըստ նրա՝ Հայաստանից մեծ քանակությամբ ռուսական ռուբլի էր դուրս  գալիս, Ռուսաստանում փոխանակվում դոլարի, ֆրանկի կամ անգլիական ֆունտի, հետո պարզվեց, որ ով դուրս էր եկել ռուբլու գոտուց, բայց ռուբլի ուներ, Հայաստանի միջոցով էր այդ ռուբլիներից ազատվումը։ «Մենք խնայարկղերում ունեինք 4,5 միլիարդ ռուբլի, որից 1,5 միլիարդը երկրաշարժի գոտու փոխհատուցումներն էին կորսված գույքի դիմաց, այս ամենը դարձավ զրո։ Դա մեծ կորուստ էր Հայաստանի համար»,- ասաց Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ փորձ արվեց ստեղծել գիտական մարկետինգի կենտրոն, բայց այդ նախագիծը մնաց թղթի վրա։ Կառավարությունը չէր օգնում, ձեռքերը լվացել էր, և Հայաստանի արդյունաբերությունը չկարողացավ զարգանալ։

Սոցիոլոգն ասաց, որ բնակչությունը նվազում է, հետևաբար՝ մենք կորցնում ենք ներքին սպառողներին, որպես սպառող շուկա՝ անհրապույր ենք դառնում դրսի համար, և շարունակվում է արտագաղթը։

Թե ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստանի արդյունաբերությունը զարգանա, Ադիբեկյանը հետևյալ կարծիքը հայտնեց. «Հայաստանին պետք է 150 միլիարդ դոլար, որ կարողանանք կառուցել գործարաններ, որպեսզի մարդիկ ունենան աշխատատեղեր, նաև ծնելիությունը մեծանա»։

Ինչ վերաբերվում է նոր վարչապետին,  Ադիբեկյանը կարծում է, որ մեր վարչապետերը տնտեսագետներ  են, փողը, եկամուտները լավ հաշվել գիտեն, բայց փող աշխատել չգիտեն, սակայն եթե նոր վարչապետը լավ թիմ հավաքի, երկիրը կհանի ճգնաժամից։