կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-15 13:54
Հասարակություն

Դարձել ենք հրշեջներ. գլխավոր ինֆեկցիոնիստ

Դարձել ենք հրշեջներ. գլխավոր ինֆեկցիոնիստ

Այս տարի թունավորումների քանակն աննախադեպ էր. այսօր լրագրողներին ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Ըստ նրա` թունավորումների քանակի ավելացմանը նպաստել են նաև շոգ եղանակը և մեր` եղանակին ոչ համահունչ սնվելը: «Գնում ենք քաղաքից դուրս ու արևի տակ խորոված անում, հետո` ուտում այն: Դրանից հետո օղի ենք խմում, անցնում քաղցրին` տորթ ուտում, վրայից` ձմերուկ, ու վերջում ասում` ձմերուկից ենք թունավորվել: Մենք պիտի մի քիչ էլ մեզ հետևենք, մեր սննդին, կարծես ինքնասպաններ լինենք` գնում ու արևի տակ շարված ձմերուկ ենք գնում, հետո էլ բողոքում, թե թունավորվել ենք»,- ասաց Ասոյանը:

Ըստ նրա` թունավորումները կարելի է բաժանել երկու խմբի` թունավորումներ, որտեղ կա մարդկային գործոնը, եւ` որտեղ չկա: «Օրինակ` Թալինում, երբ պարզվեց, որ թունավորումների պատճառը ջուրն էր, այսինքն` գործ ունեինք ջրատարների մաշվածության հետ` 1950-60-ականներին կառուցված խողովակներ էին, այստեղ պատասխանատվությունը տեղական ինքնակառավարման մարմիններինն է»,- ասաց Արա Ասոյանը` հավելելով, որ, թունավորման դեպքերի հետ կապված, իրենք կարծես հրշեջներ են դարձել. «Դարձել ենք հրշեջներ, քանի որ շատ դեպքերում հարցի լուծմամբ մենք չէ, որ պետք է զբաղվենք, բայց գնում ենք` մարդկանց փրկելու»:

Խոսելով Արարատի մարզի դպրոցներից մեկում թունավորման դեպքի մասին, երբ 46 աշակերտ էր հիվանդանոց տեղափոխվել, Ասոյանը նշեց, որ բոլորն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից` առողջացած: «Այս պահին ոչ մի նոր համաճարակ չունենք»,- հավելեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը: