կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-12 12:15
Հասարակություն

Թունավորումների թիվը, նախորդ տարիների համեմատ, ավելացել է. Կարեն Չիլինգարյան

Թունավորումների թիվը, նախորդ տարիների համեմատ, ավելացել է. Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ վերջին շրջանում հաճախակի դարձած թունավորումների հիմքում սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներն են:

«Սննդի անվտանգության տեսչությունը կա\'մ լուրջ չի մոտենում հարցին, կա\'մ լծակ չունի` հարցերը կարգավորելու համար: Ինչպե՞ս կարող է ծառայությունը կամ տեսչությունը հնարավորություն չունենալ ամեն րոպե մտնելու մի օբյեկտ, որտեղ սնունդ է մատակարարվում»,-ասաց Չիլինգարյանը` հավելելով, որ  մանկապարտեզներում և դպրոցներում պետք է լինեն ամենօրյա ստուգումներ, սակայն ձևական բնույթ չկրեն:

«Սնունդն այն ոլորտն է, որ պարտադիր պետք է պայմաններ ստեղծվեն, որ ցանկացած ժամանակ տեսուչը ստուգայց կատարելու հնարավորություն ունենա: Արտադրողը կամ մատակարարը պարտավոր են հանրային ու բաց գործել»,- ասաց ՀԿ-ի նախագահը և հավելեց, որ,  նախորդ տարիների համեմատ, թունավորումների թիվը մի քանի անգամ ավելացել է մեր երկրում: Ըստ նրա` դա խիստ մտահոգիչ  է, մինչդեռ` որևէ լուրջ բան  այդ ուղղությամբ չի արվում:

Չիլինգարյանի կարծիքով` եթե ՀԿ-ներին ընձեռվեին համապատասխան հնարավորություններ, ապա գուցե հնարավոր լիներ ոլորտը փոքրիշատե վերահսկելի դարձնել:

Անդրադառնալով պատժիչ գործողությունների բացակայությանը` նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կոծկվում է: «Եթե մի անգամ չբացահայտվեց, երկրորդ անգամ չբացահայտվեց, դա արդեն պարբերական բնույթ կարող է կրել: Պետք է պարզել, թե մատակարարին ինչպե՞ս են ընտրում: Նախկինում հասարակական կառույցները մասնակցում էին, թե ով է մատակարարում, հիմա չգիտեն, նույնիսկ կարող է մեկի բարեկամն է կամ հարազատը»,- ասաց Չիլինգարյանը:

Կարեն Չիլինգարյանը շեշտեց, որ վերահսկողությունն առաջին հերթին պետք է իրականացնի ծնողը և իր մասնակցությունն ունենա սննդի ամենօրյա ստուգումներին: