Գազի սակագինը մեզ մոտ քաղաքական հարց է եղել, և հակառակ կողմը միշտ օգտվել է դրանից. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նրա խոսքով` ճիշտ է, գազի սակագինը սահմանին բարձրացավ 15 դոլարով, սակայն մեզ` սպառողներիս համար այն նույնը մնաց` 139 դրամ 1 խմ-ի դիմաց: Սակայն, ըստ Չիլինգարյանի, պարզ չէ` որքան ժամանակ դեռ գազը չի թանկանա սպառողների համար:
«Սպառողների համար գազի սակագինը միշտ տատանվել է, սակայն այս անգամ իշխանությունները խոստացան, որ այն նույնը կմնա: Հավանաբար, «Գազպրոմ Արմենինա»-ն ուղիներ կգտնի, որ գազի սակագինը չբարձրանա: Սակայն միայն դրանով սահմանափակվել չի կարելի, և պետք է ուղիներ գտնել գազի սակագինը նվազեցնելու համար, օրինակ` կորուստների նվազեցման միջոցով»,- ասաց Չիլինգարյանը:
Նա հույս հայտնեց, որ գազի գինը, այնուամենայնիվ, կվերանայեն, և շատ հնարավոր է, որ սահմանին իջնի դրա սակագինը:
Գազի գնի թանկացումը սահմանին, ըստ Չիլինգարյանի, այլ թանկացումների չի կարող հանգեցնել:
«Ամանորի նախաշեմին թանկացումներ եղան, որոնք պայմանավորված էին հենց տոնական օրերով, և մարդիկ ուղղակի ուզում էին գերշահույթ ստանալ: Որոշ ապրանքների գներ վերուվար եղան, օրինակ` կարտոֆիլը շատ թանկացավ, և ես չեմ հիշում, թե մեկ էլ երբ էր կարտոֆիլի գինը հասել 350 դրամի: Սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացումները շատ չէին, հատկապես` մսամթերքի, մրգեղենի շուկայում»,- ասաց Չիլինգարյանը: