Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմազավակ ընտանիքներին աջակցելու օբյեկտիվ անհրաժեշտություն կա. Yerkir.am-ի հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:
«Եթե մեր երկրում աղքատությունը միջինը 25 տոկոս է, բազմազավակ ընտանիքների պարագայում՝ 50 տոկոս. շատ ավելի աղքատ են բազմազավակ ընտանիքները, շատ ավելի խոցելի են, նրանց շատ ավելի մեծ մասն է հայտնված կյանքի դժվարին իրավիճակում, հետևաբար, պետությունը պիտի ունենա առաքելություն»,- ընդգծեց տնտեսագետը:
Նա մեջբերեց ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածները, որոնք հստակ ամրագրում են, որ երկիրը պիտի ունենա պետական աջակցություն բազմազավակ ընտանիքներին: «Դա իմ ցանկությունը չէ, ոչ էլ այսօր Հայաստանում ապրող բազմազավակ մոտ 15 ընտանիքների ցանկությունն է, այլ Սահմանադրության պահանջն է, որ օրվա կառավարությունները՝ հերթական կամ արտահերթ, պետք է տրամադրեն այդ աջակցությունը, որը պիտի ամրագրված լինի օրենքով, պետական բյուջեում հստակ գումարներ պիտի նախատեսված լինեն, այդ ընտանիքները պիտի ունենան արտոնություններ, և, վերջին հաշվով, նաև բազմազավակ ընտանիքի մոդելն է, որ բերելու է ծնելիության ավելացման»,- ասաց մեր զրուցակիցը:
Թադևոս Ավետիսյանը նշեց, որ, 2 երեխա ունենալով, վերատադրությունը չի ապահովվում. նաև այդ պատճառով է, որ մեր երկրում ծնելիությունը նվազել է: Սա հաշվի առնելով էլ՝ պետք է խրախուսել ոչ թե 2-րդ, այլ 3-րդ երեխայի ծնունդը:
«Մենք այս տարվա առաջին 6 ամիսներին ունեցել ենք մոտ 16 հազար ծնվածներ. թիվը մոտավորապես 150-160-ով պակաս է, քան նախորդ տարվա 6 ամիսներին: Մահացածների թիվը 500-600-ով ավելացել է: Բնակչության թիվը նվազել է 8 200-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ. նախորդ վատ տարվա, վատ իշխանությունների, վատ Հայաստանի համեմատ՝ այդ նույն ցուցանիշները վատացել են, հիմա սրանք պիտի բացատրվե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Նրա համոզմամբ՝ միանվագ գումար վճարելով՝ լինի 50, թե 150 հազար, չափը այնքան տարբեր չէ, որ ազդի մարդկանց որոշումների վրա:
«Գործող իշխանություններն անցած տարի բարեփոխում բերեցին՝ երկրորդ երեխայի ծնվելու համար վճարվող միանվագ նպաստը 50 հազարից դարձրին 150 հազար, կառավարության մի ամբողջ նիստ նվիրեցին դրան, անունը դրեցին՝ դարակազմիկ փոփոխություն: Այն ժամանակ էլ մենք մտահոգություն էինք հայտնում, որ պետական բյուջեից այս լրացուցիչ ծախսը անելով՝ լրացուցիչ արդյունք չեք ստեղծելու, դրա փոխարեն կան այլ ուղղություններ. դուք պիտի թիրախավորեք երրորդ երեխան, երրորդ երեխան է, որ ավելացնելու է մեր բնակչության թիվը: Վերջապես, առաջին և երկրորդ երեխաների թիվը շատ ավելի անխոչընդոտ է լինում և երրոդ երեխան պիտի խրախուսվի»,-ընդգծեց տնտեսագետը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումները, նրա խոսքով, շատ ավելի վատն են. լավագույն ակնկալիքներով՝ 2050 թ-ին 2,5 միլիոն մարդ կարող է լինել Հայաստանում. «Եվ այդ կանխատեսումները եթե մենք ուզում ենք փոխել, նշանակում է, որ առաջանցիկ այս ցուցանիշները պիտի բարելավենք»:
Տնտեսագետը հիշեցնում է, որ վարչապետն կառավարության ծրագրում գրել էր, որ 2040-ին ունենալու ենք 6 միլիոն բնակչություն, մինչդեռ հիմա եւս 10 տարի երկարացրել են ժամանակը և 1 միլիոնով իջեցրել թիրախը՝ 2050-ին՝ 5 միլիոն. «Իհարկե, այս տեմպերով եթե գնանք, 2 ու կես միլիոն կդառնանք. եթե իհարկե օրվա իշխանությունները, Աստված չանի, շարունակեն մնալ մինչև 2050 թվականը»:
Մանրամասները՝ տեսանյութում: