Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողներին ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում վերջին 7 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները: Նա նշեց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը մի քանի օր առաջ է ամփոփել արդյունքները, և գյուղատնտեսության ոլորտում առկա են հիմնականում դրական ցուցանիշներ` արձանագրվել է մոտ 14 տոկոս տնտեսական աճ:
Ըստ նախարարի` գյուղատնտեսության ոլորտում առկա առաջընթացը պայմանավորված է մի քանի գործոններով: «Առկա են պետական օժանդականության մի շարք ծրագրեր, գյուղատնտեսական մշակաբույսերի աճ, բնակլիմայական նպաստավոր պայմաններ և, որ ամենակարևորն է, գյուղացու աշխատանք»,- նշեց նա:
Սերգո Կարապետյանը հայտնեց, որ այս տարի ավելի քան 18 500 հեկտար հող է մշակվել, բոստանային մշակաբույսերի տարածքներն ավելացել են, նպաստավոր պայմաններ են ստեղծվել, որպեսզի մենք ունենանք ծավալների աճ: Նախարարը նշեց, որ անասնապահության ոլորտում ևս աճ է գրանցվել:
«Բնակլիմայական պայմանները գարնանը բավական դրական էին: Սակայն ամբողջ օգոստոս ամսվա բարձր ջերմաստիճանը վատ ազդեցություն ունեցավ, հատկապես` լոլիկի վրա: Նշեմ, որ կարտոֆիլի բարձր գինը կապված էր բնակլիմայական պայմանների հետ: Արդեն 4500 տոննա խաղող է մթերվել մինչև հիմա: Արտահանումների ծավալներն առաջին կիսամյակում մի փոքր նվազել են` կապված ռուբլու կուրսի տատանման հետ»,- ասաց Կարապետյանը:
Նա անդրադարձավ նաև կարկտահարություններին` նշելով, որ այն ավելի քան 7,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել:
Նախարարի խոսքով`սուբսիդավորվող վարկերը տրամադրվել են ապրիլ ամսից: «Որոշակի խնդիրներ կային, բանկերն ավելի զգույշ էին, որոշակի ուշացումներ եղան, սակայն գյուղացիներին հնարավոր եղավ ապահովել վարկերով»,- ասաց Կարապետյանը:
Նա անդրադարձավ նաև ռուբլիով գործարքներ անելու առաջարկին և նշեց. «Չեմ կարծում, որ կանցնենք ռուբլուն: Ռազմավարական նշանակության ապրանքների համար է եղել առաջարկ` վճարել ռուբլիով»:
Հարցին, թե կաթի մթերման հետ կապված խնդիրների առնչությամբ նախարարությունն ի՞նչ արձագանք ունի, Կարապետյանը պատասխանեց. «Բանն այն է, որ «Աշտարակ կաթ»-ը որոշակի պարտքեր է կուտակել: Կա խնդիր, և մենք տեղյակ ենք, աշխատում ենք օգնել, որ այդ խնդիրները լուծվեն»: