կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 18:50
Հասարակություն

Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է պետությանը 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին:

«ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։ Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն իրականացրին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ համագործակցելով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ։ Արդյունքում՝  պարզվեց հետևյալը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ նախորդ տարվա նոյեմբերից Վաղարշյան 15/15 հասցեում, առանց պետական գրանցման ու լիցենզիայի, «պոկեր» տեսակի շահումով խաղերը  վարձու խաղավարների միջոցով կազմակերպել է Երևանում բնակվող, 34-ամյա մի տղամարդ։ Մասնակիցների շահումից  3-ից 4 տոկոս գանձումներ կատարելով՝  ապօրինի խաղատունը շահումով խաղեր կազմակերպելու յուրաքանչյուր օր ստացել է 500 հազարից 600 հազար դրամ շահույթ: Այս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով, միայն հատուկ թույլտվության պետական տուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝  5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։ Հունվարի 17-ին իրականացվեց հատուկ միջոցառում, որի շրջանակներում ապօրինի խաղատանը հայտնաբերվեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկվեցին 10 անձինք։ Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն»։