Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014-2016թթ. ընթացքում Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող հասարակական նշանակության տարածքներում ապօրինի խաղասրահների գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է 9.000.006.000 ՀՀ դրամ: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը:
ԱԱԾ-ից մեզ հայտնեցին, որ 2014-2016թթ. ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է երկու քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով) հատկանիշներով, որոնց նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացություններով ուղարկվել դատարան:
Հիշյալ քրեական գործերով, որպես մեղադրյալներ, ներգրավվել են Լիպարիտ Գրիգորյանը, Արսեն Բարսեղյանը, Արսեն Ադամյանը և Արկադի Հովհաննիսյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ներկայումս մեղադրյալներից երեքի մասով գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Համաձայն մեղադրանքի՝ Լիպարիտ Գրիգորյանը, հանդիսանալով «Դավիթ-81» ՍՊԸ-ի տնօրեն, Երևան քաղաքի Լեռ Կամսարի փողոցի 30/3 հասցեով շենքում ընկերությանը վարձակալությամբ հանձնված տարածքներում առանց լիցենզիայի «պոկեր» շահումով խաղեր կազմակերպելու և շահույթ ստանալու դիտավորությամբ, իր ընկերների` Արմեն Բարսեղյանի և Արսեն Ադամյանի հետ ստեղծել է կայուն կազմակերպված խումբ, որում, ըստ դերաբաշխման, յուրաքանչյուրը ստանձնել է ծանոթներին պոկեր խաղալու համար հրավիրելու, գործընթացը վերահսկելու և խաղացողների հյուրասիրությունը կազմակերպելու պարտականություն:
Արկադի Հովհաննիսյանի վերաբերյալ գործն էլ ներկայումս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում է:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում գտնվող հասարակական նշանակության տարածքներում հայտնաբերվել են օրինական գործող կազմակերպությունների քողի ներքո, առանց պետական գրանցման և լիցենզիայի ապօրինի գործունեություն իրականացնող խաղասրահներ:
Նշված վայրերում տևական ժամանակ կազմակերպվել են շահումով խաղեր: Կազմակերպիչները հիմնական հաճախորդների հետ նախապես համաձայնեցրել են խաղերի անցկացման օրն ու ժամը, ապահովել մասնակիցների անհրաժեշտ թվաքանակ, այդ թվում՝ թույլ խաղացողներ գտնելու և ներգրավելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել իրավապահ մարմիններից խաղերի անցկացման փաստը թաքցնելու ուղղությամբ:
Բացի այդ` կազմակերպիչները մասնակիցներին ապահովել են խաղի համար անհրաժեշտ պարագաներով, կազմակերպել են նրանց ժամանցը և հյուրասիրությունը, իրականացրել շահումների հաշվառումը և բաշխումը: