Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015-ին Սփյուռքի նախարարությանը «Արի տուն» ծրագրի ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվել է 100 մլն դրամ, ինչը մոտ 80 տոկոսով ավելի է առաջին տարում հատկացված գումարից: Ըստ ծրագրի հեղինակների՝ «Արի տուն»-ը նպատակ ունի սփյուռքահայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Սփյուռքի միջև ջերմ հարաբերությունների հաստատմանը: Ծրագրի կարևորագույն նպատակներից մեկն է՝ սփյուռքահայ երիտասարդներին ազդակ հաղորդել ՝ հայրենիք վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու համար:
Ծրագրի 7 տարիների գործունեության վերաբերյալ yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն: Մասնավորապես` հետաքրքրվել էինք՝ այս տարիների ընթացքում քանի՞ սփյուռքահայ երիտասարդ է այցելել Հայաստան, ծրագրի իրականացման համար որքա՞ն գումար է նախարարությանը հատկացվել, «Արի տուն» ծրագրի շրջանակներում կրթություն ստանալու կամ մշտական բնակության նպատակով քանի՞ սփյուռքահայ երիտասարդ է Հայաստանում հաստատվել:
Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ սփյուռքի նախարարություն աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հայտնեց, որ 7 տարիների ընթացքում «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան է այցելել 5701 երիտասարդ, ընդ որում՝ 1103-ը` այս տարի: Ծրագրի ֆինանսավորման համար պետբյուջեից 7 տարիների ընթացքում հատկացվել է, ընդհանուր առմամբ, 480 մլն դրամ, որից 100 մլն-ն՝ այս տարի:
Մեզ հայտնեցին նաև, որ, չնայած պաշտոնական վիճակագրության բացակայությանը, Սփյուռքի նախարարության տվյալներով, հայաստանյան տարբեր կրթական հաստատություններում սովորել և սովորում է «Արի տուն» ծրագրին 2009-2014թթ. մասնակցած 800-900 երիտասարդ, սակայն ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած երիտասարդներից քանի՞սն են մեր երկրում մշտական բնակություն հաստատել, չէին նշել: